Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կոչ է անում քվեարկության օրը «արձանագրել ու պահպանել հաղթանակը»


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ «Ծառուկյան դաշինքի» աջակիցների բազմամարդ հավաքը:

«Հաղթանակը մերն է», - ամփոփելով իր քարոզարշավը՝ հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և կուսակիցներին հանձնարարեց քվեարկության օրը արձանագրել ու պահպանել այդ հաղթանակը։ - «Մեզ հիմա մնացել ա ամենակարևորագույնը․ մնացել ա համապատասխան ընտրությունների ժամանակ ճիշտ մասնակցություն, հետևողական: Բոլոր ընտրատարածքներում մենք ունենք վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, դիտորդներ․․․ Հաջողությունը մերն է: Ես ձեզ նորից եմ ասում՝ ձերն է: Միացեք հետևողական, հաշվարկելով՝ քանի հոգի եկավ, քանի հոգի ընտրեց, քանիսը գնաց՝ երկու ժամը մեկ տեղեկացնելով, հետևելով ձայներին»:

Ծառուկյանը վստահեցրեց, որ իրենք գալիս են համակարգ փոխելու․ - «Ինչ որ ասում եմ, կետ առ կետ պատասխանատու եմ իմ ասածներին: Անհնարին ոչինչ չկա: Ես այսօր զգացել եմ, որ ժողովուրդը անվերապահ վստահություն ունի, հավատք ունի, մեր կողքին ա: Իսկ մենք էլ ամբողջ թիմով դա իրականություն ենք դարձնելու օր-օրի»:

Դաշինքի առաջնորդը Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ներկա մի քանի հազար համակիրներին նաև տեղեկացրեց, թե իր հաղթանակի դեպքում Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում կլինի։

Նկատենք, որ այս թիվը մոտ 5 անգամ ավելին է, քան խոստանում է Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Իմ գործընկերին ես դեռ չեմ դիմել, այլ իրենք, ասելով՝ մենք պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում», - հայտարարեց նա:

Այսօրվա հավաքը նախընտրական փուլում Ծառուկյանի մասնակցությամբ վերջինն էր։ Հանրապետության գրեթե բոլոր մարզերից ավտոբուսներով Երևան եկած հազարավոր քաղաքացիներ մեծահարուստ գործարարի ելույթից առաջ դիտեցին մոտ մեկ ժամ տևողությամբ ֆիլմը, որը բացառապես Գագիկ Ծառուկյանին էր նվիրված:

Հավաքի սկզբում իրենց հաղթանակի մասին խոսեց նաև «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը․ - «Ժողովուրդը համոզված է, որ ապրիլի 2-ին «Ծառուկյան դաշինքը» տանելու է համոզիչ հաղթանակ»:

Միջոցառմանը ներկա էին նաև դաշինքի ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք քարոզարշավի ընթացքում, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, սուր քննադատության էին ենթարկում իշխող Հանրապետականին: Նրանք, սակայն, այսօր ելույթ չունեցան։

Նախկին Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով նույնպես «Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածու է, լրագրողների հետ կարճ զրույցում չշտապեց դաշինքի հաղթանակի մասին խոսել․ - «Ընտրությունները ցույց կտան»:

Ավելի քան 50 ավտոբուսներով Երևան բերված հազարավոր քաղաքացիներից ոչ բոլորին այսօր հաջողվեց իրենց խնդրանքն ու նամակը փոխանցել Ծառուկյանին: Նրանց մի մասը նույնիսկ բաց թողեց իրենց հետ տանող ավտոբուսը:

«Ազատության» հետ զրույցում քաղաքացիներից մեկը վստահեցրեց, թե Ծառուկյանին մոտիկից տեսնելու համար Երևան է ժամանել Մոսկվայից․ - «Հատուկ այս միջոցառման համար էի եկել: Շատ էի ուզում տեսնել, բայց հնարավոր չեղավ տեսնել: Մեր հույսը մենակ Ծառուկյանն է․ եթե ղեկավարի մեր երկիրը, մենք կարող ենք վերադառնալ հայրենիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG