Արարատ քաղաքում դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, թե, իրենք կարծում եմ, որ բացի «Ելք»-ից, որևէ այլ ընդդիմադիր ուժ չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին:
«Ելք»-ի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, թե ընտրություններից հետ Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը գնալու է իշխանությունների հետ համագործակցության: Նրա խոսքով, եթե անգամ այդ համագործակցությունը չկոչվի կոալիցիա, միևնույն է, իրենք համոզված են, որ «Բարգավաճ Հայաստանը» կամ նույն «Ծառուկյան դաշինքը» «Հանրապետական 2-ն» է:
Ելույթ ունենալով իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում՝ դաշինքի մեկ այլ առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը թույլ չի տալիս, որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գան իրենց հանրահավաքին:
«Հանրապետություն» կուսակցության նախագահը ևս պնդեց, որ Ծառուկյանը համագործակցելու է իշխանության հետ, և եթե քաղաքացիներն իրենց քվեն տան «Ծառուկյան դաշինքին», այն գնալու է Հանրապետական կուսակցությանը:
Նշենք, որ այսօր «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, կրկին հայտարարել են, որ բացառում են հետընտրական համագործակցությունը Հանրապետականի հետ:
Մինչդեռ անձամբ Գագիկ Ծառուկյանը ողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ հստակ չի արտահայտվել այդ կապակցությամբ՝ սահմանափակվելով «Մենք եկել ենք հաղթելու, ոչ թե կոալիցիա կազմելու համար» հայտարարությամբ: