Առանց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն այսօր Գառնիում հանրահավաքը սկսեցին ու ավարտեցին Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող ուժի սուր քննադատությամբ՝ հայտարարելով, թե հանրապետականները քանդել են երկիրը, խթանել են արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը:
«Մի իշխանություն, որը 17 տարի թալանել ա ձեզ, որը ձեր երեխաներին, ձեր որդիներին, ձեր ամուսիններին սարքել ա Ռուսաստանի բարաքներում ապրող տաջիկ, որը կարողանա ձեր ընտանիքը պահել․․․ Այս իշխանությանը շանս տալ, նշանակում ա վերջակետ դնել Հայաստանի Հանրապետության վրա», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր երկրում կարգը հետևյալն ա․ քաղաքական իշխանությունը տալիս ա մի քսան-երեսուն ընտանիքի, մարդկանց կոնկրետ արտոնություններ, ասում ա՝ այ դու կարաս բենզինը բերես, դու կարաս սալյարկան բերես, դու կարաս պարարտանյութը բերես, մյուսդ բանանը, ցիտրուսը կարաս բերես․․․ Հետո, երբ որ հինգ տարի անցնում ա, կանչում ա էդ մարդկանց, ասում ա՝ լսի, ես էդքան արտոնություններ եմ տվել քեզ, գնա մի տարվա փողը բեր, ընտրակաշառք բաժանի, որպեսզի իշխանությունը վերարտադրվի», - իր հերթին հայտարարեց Միքայել Մելքումյանը։
Քարոզարշավի մեկնարկից Գագիկ Ծառուկյանից առանձին հավաքներ անցկացնող Զոհրաբյանն այսօր նաև հայտարարեց, որ ապրիլի 2-ը իշխանափոխության իրական հնարավորություն է՝ վստահեցնելով, թե միայն իրենք կարող են հեռացնել Հանրապետականին․ - «Իրանց հիմնական մրցակիցը «Ծառուկյան դաշինքն» ա, քաղաքական այլ մրցակից իրական իրանք չունեն: Մի հատ իրանց կարգախոսը նայեք՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Այո՛, աղքատության առաջընթաց կա, այո՛, գործազրկության առաջընթաց կա, այո՛, արտագաղթի առաջընթացը ստախանովյան տեմպերով կա: Եթե դա են նկատի ունեցել, ուրեմն, այս՛, առաջընթաց կա»:
Միքայել Մելքումյանն ասաց․ - «Բայց էդ փոխելը [իշխանափոխությունը] ոչ թե պետք ա լինի նենց, որ «Ծառուկյան դաշինքը» ստանա 51-52 տոկոս, Հանրապետականն էլ՝ 37 կամ 34: Պետք ալիքը ջրհեղեղի նման նենց գա, որ ըլնի 90:10, որպեսզի առավոտը ապրիլի 3-ին զարթնեք և էլ դեմը խաղ չըլնի»:
«Ծառուկյան դաշինքի» անդամները վստահեցնում են, որ հետընտրական կոալիցիայի հարց չեն քննարկել՝ միևնույն ժամանակ հավելելով, թե մեկ ուժի հետ համագործակցության սցենարն անհնարին է․ - «Նայելով Ձեր աչքերին [հայտարարում եմ]՝ Հանրապետականի հետ որևէ համագործակցություն՝ կլինի անունը կոալիցիա, կլինի ազգային համաձայնության կառավարություն, չի լինելու»:
«Դաշինքի 15 կետանոց ծրագիրը պոպուլիստական չէ․ տոկոսադրույքներն էլ կնվազեցնենք, էլեկտրաէնեգիան ու գազն էլ կէժանացնեք», - գառնեցիներին խոստացավ Միքայել Մելքումյանը։
Հանրահավաքի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները խոսեցին նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքից՝ քննադատելով հատկապես դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանին, ով, ըստ ԲՀԿ-ականների, օրերս փորձել է վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին։
«Արամ Զավենի Սարգսյանը էրեկ քննադատում ա «Ծառուկյան դաշինքին», և Ծառուկյանի մասին ասում ա՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետ էլ հնարավոր չի ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված ա, չէ՞: Բա Դուք ասում եք կաթի մթերման գործարան էլ հնարավոր չի ունենալ»:
«Արամ Զավենի Սարգսյան, որոշ մարդկանց ես ասում եմ իշխանության կլիենտներ, որոնք ավարտել են իշխանական թեքումով հեռակա տեխնիկումներ: Ինչ ա, դուք ձեզնից Սարոյան եղբայրնե՞րն եք ներկայացնում, որը մեկը ծառայում ա Հանրապետականին, էն մեկն էլ ասում ա՝ կոշտ ընդդիմադիր եմ․․․ Էդ ի՞նչ մակարդակ ա, էդ ի՞նչ պլիտուսային տրամադրություններ ա, էդ ի՞նչ անմեղսունակության վիճակ ա», - իր հերթին ասաց Միքայել Մելքումյանը: