Մատչելիության հղումներ

Այսօր Թատրոնի միջազգային օրն է


Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հայաստանում ավանդաբար հանձնվում է տարվա գլխավոր թատերական մրցանակը՝ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը՝ ավելի քան 10 անվանակարգերում:

Այս երեկո նույնպես մեր թատերական գործիչները և թատերասերները ներկա կգտնվեն այս մրցանակաբախշության հանդիսավոր արարողությանը, որն ամեն տարի մի յուրատեսակ տոնակատարության է վերածվում թատերական աշխարհի ներկայացուցիչների համար:

«Ազատության» հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավաստիացրեց, որ թատերական գործիչներն այս տարի մեր թատերասերների համար շատ հետաքրքիր և ուշագրավ նոր բեմադրություններ են նախապատրաստել․ - «Եկեք նախ շնորհավորենք Թատրոնի միջազգային օրվա հետ հապված թատերական մեր բոլոր աշխատողներին և հուսանք, որ 2017 թվականը թատերական նոր շնչառության և թատերական նոր վերելքների տարի է լինելու: Որովհետև մենք ծրագրեր ունենք, որ բոլոր թատրոններում մի քանի նոր ներկայացումներ կբեմադրվեն տարվա ընթացքում: Մասնավորապես, Օպերային թատրոնի համար մենք տեղայնացնում ենք մոտ հինգ ներկայացում, որոնք ձեռք ենք բերել արտասահմանյան մեր գործընկերներից, և բեմադրելու ենք նաև երկու տեղական ներկայացումներ: Սունդուկյան թատրոնում մենք կունենանք երկու նոր, հրաշալի նախագիծ: Չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև դա նաև կապված է իր տնտեսական բաղադրիչը կազմակերպելու հետ: Մնացյալ թատրոններում ևս՝ Համազգայինում, ռուսական թատրոնում, բոլոր թատրոններում կլինի թատերական նոր վերելքի տարի»:

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի տնօրեն, դրամատուրգ, արձակագիր Դավիթ Մուրադյանի շեշտադրմամբ՝ ամենակարևոր խնդիրներից մեկն այսօր թատրոնի համար խաղացանկն է․ - «Գալիս է ազատ սերունդ․ սա շատ կարևոր հատկանիշ է՝ ազատ մտքով, ազատ աշխարհայացքով: Եվ ինչքանո՞վ կկայանա այդ սերունդը՝ կախված է նաև թատրոնների խաղացանկից: Որովհետև եթե թատրոնները բեմադրում են բարձրարժեք դրամատուրգիա՝ դասական, ժամանակակից, եթե դերասանը պետք է իր վրա վերցնի այնպիսի դերեր, որոնք ստիպեն, որ ինքն էլ նրանց հետ իր հասակը մի քանի սանտիմետրով ավելացնի․․․ այդպես է՝ դերասանը, ինչքան էլ որ շնորհքով լինի, եթե չունի այդ դերերի բարձրությունը հաղթահարելու խնդիրը․․․ Խաղացանկը շատ կարևոր է: Թատրոնների գեղարվեստական ղեկավարները ռեժիսորները ինչպիսի խաղացանկով, ինչպիսի գեղարվեստական ներկապնակ, թատերական ներկապնակ կստեղծեն, ինչ պիեսներ կընտրեն, ինչ կառաջարկեն իրենց դերասաններին, ըստ այդմ էլ նրանք կդառնան այդ դերերի չափով կամ ոչ»:

Մուրադյանը մեկ այլ հիմնախնդիր էլ առանձնացնեց․ - «Ինձ թվում է, որ մեր թատրոններում այսօր շատ կարևոր է ունենալ յուրաքանչյուրն իր էսթետիկական հասցեն, շեշտված տարբերությամբ իր էսթետիկական հասցեն: Որ եթե նույն պիեսը թեկուզ խաղան այստեղ կամ այնտեղ, իմանամ, որ այստեղ մեկ ուրիշ ներկայացում եմ տեսնելու, այնտեղ՝ մեկ ուրիշ»:

Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը վստահ է, որ թատրոնը մշտապես պահպանելու իր արժեքը հանրության համար․ - «Ես բոլորին՝ և՛ հանդիսատեսին, և՛ իմ կոլեգաներին շնորհավորում եմ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ լեցուն լինեն դահլիճները, որովհետև թատրոնը աշխարհի լավագույն արվեստն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG