Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր, զանգվածային ձերբակալություններ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում


Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ, 26-ը մարտի, 2017թ․
Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ, 26-ը մարտի, 2017թ․

Կիրակի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցել են բողոքի ցույցեր, մեծամասամբ՝ չարտոնված: Դրանք կազմակերպել էր ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին:

Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել է, տարբեր տվյալներով, 8-ից մինչև 20 հազար մարդ, շուրջ 700 մարդու ոստիկանությունը ձերբակալել է՝ այդ թվում նաև Նավալնիին:

Մոսկվայի երթն ու հավաքն արտոնված չէին: Բողոքի այս միջոցառումներին արձանագրվել են մի շարք բախումներ, միջադեպեր ոստիկանության և ակտիվիստների միջև:

Երեկ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ու հրապարակներում էին բազմաթիվ ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ, ավտոբուսներ: Իրավապաշտպանների տվյալներով՝ ոստիկանները նաև ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ: Մոսկվայի քաղաքապետարանը, սակայն, հայտարարել է, թե ոստիկաններն անթերի էին աշխատում:

Երթի մասնակիցները պահանջում էին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնանկությունը:

Հիշեցնենք՝ Նավալնիի հիմնադրամը վերջերս «Նա ձեզ համար Դիմոն չէ» վերնագրով ֆիլմ է տեղադրել համացանցում, որտեղ ներկայացված են, ֆիլմի հեղինակների պնդմամբ, Մեդվեդևին պատկանող առանձնատները՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իտալիայում, խաղողի այգիները: Մեդվեդևի մասին կինոնկարը, ի դեպ, դիտել են միլիոնավոր ռուսաստանցիներ: Իշխանությունները, սակայն, որևէ մեկնաբանություն այս ֆիլմի առնչությամբ չեն տվել:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև Նավալնիի հիմնադրամի աշխատակիցներին և առգրավել նրանց փաստաթղթերն ու համակարգիչները:

Այս անգամ բողոքի երթին ու հավաքին մասնակցում էին մեծամասամբ երիտասարդներ:

Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած հանրահավաքը նույնպես մարդաշատ էր, կազմակերպիչների տվյալներով՝ շուրջ 7 հազար մարդ էր հավաքվել: Մոտ հինգ տասնյակ ակտիվիստների ոստիկանությունը ձերբակալել է:

Բողոքի ակցիա է տեղի ունեցել նույնիսկ Դաղստանում, այնտեղ շուրջ 150 մարդու են ձերբակալել:

Չնայած մարդաշատ ակցիաներ երեկ անցկացվել են Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում՝ դաշնային հեռուստաընկերություններից և ոչ մեկը դրանք չի լուսաբանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG