Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան հոգևորականը «մեղսագործ» է համարում ընտրակաշառք բաժանողներին


Հայաստանում ընտրակաշառք է բաժանվում ու դա անողները ոչ միայն հանցագործ են, այլև մեղսագործ, պնդում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։

«Ապաբարոյական վիճակ է: Ո՛չ տվողն է հասկանում, որ ինքը մեղք է գործում, կամ քրեական հանցագործություն է գործում, ո՛չ էլ ստացողը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գալփակյանը:

Ջրառատի դեպքերին անդրադառնալով՝ արքեպիսկոպոսն ընդգծեց՝ եթե մամուլում իր կարդացածը ճիշտ է, ապա արարքը դատապարտելի է։ Ընդհանրապես՝ իշխող Հանրապետականին, հոգևորականի կարծիքով, ինքնագիտակցությունն է պակասում․ - «Կարծեք թե Հանրապետականը և ուրիշ կուսակցություններ նույն տրամաբանությամբ են աշխատում, այսինքն՝ իմ մարդիկ լինեն, հոգ չէ ով լինի, որպեսզի ես կարողանամ պահել իմ աթոռը և իմ իշխանությունը»:

Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը չի թաքցնում՝ եկեղեցին հոգևորականներին ճիշտ արժեքներով դաստիարակելու լուրջ խնդիր ունի․ - «Եվ իրականություն է՝ ամեն հոգևորական ուզում է օլիգարխ լինել: Ես օլիգարխ բառը չեմ ուզում օգտագործել, ես սիրում եմ Քրիստոսի օգտագործած բառը՝ մեծատուն»:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության մասին խոսելով՝ Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականն Արամ Աթեշյանի արարքը կեղծիք և խաղ է համարում։ Մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի տեղապահ էր ընտրվել, սակայն Արամ Աթեշյանը Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունն էր հրապարակել, որով թուրքական իշխանությունները չէին ճանաչում ընտրությունը։

«Աթեշյանի արածը իսկապես կեղծիք էր և խաղ էր: Այդ նամակը ինքը ստացել էր, որը կարող էր ժողովին ներկայացնել, որ՝ մենք ժողով անելու և տեղապահ ընտրելու իրավունք չունենք, որտեղ ընտրվեց Գարեգին Սրբազանը: Ոչ թե դուրս գա, ասի, որ՝ ժողովում Գարեգին Սրբազանը ընտրվեց, հետո երկու րոպե հետո իր գրասենյակ գա և կուսակալի նամակը ցույց տա, որ մենք ժողով անելու իրավունք չունենք», - պատմեց Գալփակյանը:

Այդ հարցերին միջամտելու իրավունք Էջմիածինը չունի, քանի որ Պոլսո Հայոց պատրիարքարանն ինքնուրույն կառույց է: - «Անշուշտ, թուրքական իշխանությունները ինչքան կարող են՝ իրավիճակը օգտագործում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG