Մատչելիության հղումներ

Դպրոցի տնօրեն թեկնածուի քարոզարշավին բազմաթիվ դպրոցականներ էին մասնակցում


ՀՅԴ համապետական ցուցակում ընդգրված պատգամավորի թեկնածու, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին այսօր Արագածոտնի մարզի Կոշ համայքնում գյուղացիներից բացի, դպրոցականների մի մեծ խումբ էր սպասում:

Երեխաների ձեռքին Դաշնակցության բուկլետներն էին և տարածքային ցուցակի պատգամավորի թեկնածուներից մեկի՝ Ռուզաննա Տոնոյանի քարոզչաթերթիկը, ով ինչպես պարզվեց դպրոցի տնօրենն է:

Թեև երեխաներն ասացին, թե դասերի փոխարեն են իրենց բերել այստեղ, նրանց ուսուցչուհին պնդեց, թե դասերն արդեն ավարտվել են:

Իրավիճակը շտկեց դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ ասելով, թե երեխաներն այսօր վերջին՝ 7-րդ դաս չեն ունեցել: Նկատենք, սակայն, որ նախքան ՀՅԴ պատգամավորի թեկնածուների այցը երեխաները հարթակի վրա հատուկ քաղաքական այս ուժի ներկայացուցիչների համար պատրաստած պարն էին փորձում:

Լրագրողների հետ զրույցում երեխաները անկեղծացան՝ շատ կուզեն, որ իրենց տնօրենը պատգամավոր դառնա, կարծում են՝ դպրոցի համար լավ կլինի:

«Շատ բարենորոգումներ կլինի», - ասաց երեխաներից մեկը:

Արձակուրդում գտնվող նախարարի համար, կարծես թե, այս տեսարանն այնքան էլ ցանկալի չէր: Այդուհանդերձ ըմբռնումով է մոտենում՝ ենթադրելով, որ գյուղերում այսպիսի հանդիպումները հիմնականում տոնի են վերածվում․ - «Գյուղական հանդիպումների յուրահատկությունը նրանում է, որ, եթե հատկապես միտինգային է և երաժշտական մաս կա, միշտ երեխաները մասնակից են լինում: Չեմ կարծում, էստեղ ինչ-որ․․․ Եթե երեխաներին ազատել են, լավ չեն արել»:

ՀՅԴ-ի թեկնածուներին լսելու եկած գյուղացիներից տեղեկացանք, որ ավելի քան 10 տարի համայքնում ջրի լրջագույն խնդիր կա: Իշխանության ներկայացուցիչները, կոշեցիների պնդմամբ, քաջատեղյակ են այս խնդրին, ընտրությունից ընտրություն խոստումներ են տալիս, սակայն ընտրություններից հետո նորից առանց ջուր են մնում:

«Ժողովուրդը խաբնվում ա, շատ ա խաբնվում: Գյուղացուն ի՞նչ կյանք․․․ գյուղացուն պառկցրել են ասֆալտին, տրորելով անցնում են», - ասաց մի տղամարդ:

«Խմելու ջուր չունենք, սաղ գյուղը ցամաք է», - հավելեց մեկ ուրիշը:

«Ազատության» հարցին, թե գործող իշխանության հետ համագործակցող Դաշնակցության ներկայացուցիչների առջև ինչու չեն բարձրացնում խմելու ջրի հարցը, կոշեցի մի կին հակադարձեց․ - «Դաշնակցության ասածը բանի տե՞ղ ա դնելու նա»:

Քարոզարշավի շրջանակում հենց ամբիոնից և՛ մարզպետարանի ներկայացուցիչը, և՛ դպրոցի տնօրեն, պատգամավորի թեկնածու Ռուզաննա Տոնոյանը հայտարարեցին՝ կլուծվի ոչ միայն ջրի հարցը, այլ նաև անմխիթար վիճակում գտնվող դպրոցը կվերանորոգվի:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս խոստումը ընտրակաշառք չի դիտարկվի, Լևոն Մկրտչյանն պատասխանեց, որ բարձրացված հարցերը լրաջագույն խնդիրներ են այս գյուղում և եթե դրանք ի վերջո լուծվեն, ապա ընտրական գործընթացը գոնե մի լավ նպատակի կծառայի:

Հիշեցմանը, որ Առաքել Մովսիսյանի ասֆալտապատման կամ Գագիկ Ծառուկյանի դրամական օգնության խոստումները ԿԸՀ-ն ընտրակաշառք է համարում, և հիմա էլ իրենք են խոստանում ջրագիծ անցկացնել, Մկրտչյանն արձագանքեց․ - «Եթե մեկը ուզում է օգնել և գյուղին, համայնքին ասֆալտապատ ճանապարհ անել, դա շատ դրական է: Պարզապես ցանկալի կլինի, որ նույն մարդիկ, ովքեր օգնում են, նաև ընտրությունից ընտրություն չօգնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG