Մատչելիության հղումներ

Օհանյանը Լոռիում հավաստիացրեց․ Պատրաստ են դիմակայել բոլոր ճնշումներին


Սեյրան Օհանյան, Լոռու մարզ, 24-ը մարտի, 2017 թ․
Սեյրան Օհանյան, Լոռու մարզ, 24-ը մարտի, 2017 թ․

Պաշտպանության նախկին նախարար՝ «ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ իշխանությունները ոչ միայն իրենց, այլև մյուս ուժերի նկատմամբ են ճնշում գործադրում: Այսօր Լոռու մարզում քարոզչություն իրականցնող Օհանյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե պատրաստ են դիմակայել բոլոր ճնշումներին:

«Այսօր իշխանությունները ոչ միայն դաշինքին, այլ տարբեր ուժերի, տարբեր հատվածներում էլ են ճնշումների ենթարկում, և դրա մասին բոլորը բարձրաձայնում են: Բայց մենք ամուր կանգնած ենք, մեր նպատակների մեջ հաստատակամ ենք և գնալու ենք մինչև վերջ՝ մեր իրավունքների շրջանակներում ընտրություններին մասնակցելու»,- ասաց Սեյրան Օհանյանը: Հարցին՝ նոր ճնշումներ սպասու՞մ եք, պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց՝ «Եթե ճնշումներ լինեն, դիմադրելու ենք»:

Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը որակել է իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն: Ալավերդցիներից շատերն այսօր խուսափում էին կարծիք հայտնել դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ: Որոշներն էլի ասում էին, թե Բաբայանին շինծու մեղադրանքներ են առաջադրել:

«Բաբայանն էրեկվա երեխեն չի, որ նման բան անի, հետո Վրաստանում ինչ ա՝ զենքը թափած ա՞, նա էլ գնաց վեր կալավ էկավ: Տենց բան չկա: Սահմանին կբռնեին, Վրաստանում կբռնեին, չէին թողա»: «Նրա նման շատերին մինչև ընտրությունները կձերբակալեն, կմեկուսացնեն ժողովուրդից»,- ասում էին մարդիկ:

Եթե Ալավերդիում ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները ելույթների միջոցով էին ներկայացնում իրենց ծրագրերն ու անելիքները, Տաշիրում մի խումբ բնակիչներ բանավեճի մեջ մտան նրանց հետ: Մասնավորապես՝ բնակիչներից մեկն ասում էր, թե «հիասթափվել են ու սուտ խոստումներ լսելու ցանկություն չունեն»:

Օհանյանն արձագանքեց․ «Հիասթափվել ենք, խոստումները չեն կատարվում, տնտեսությունը չի զարգանում և այլն: Ովքե՞ր են էսօր իշխանության ղեկին, որ դա պիտի իրականացնեն՝ Հանրապետականները․․․»: Մասնակիցներից մեկն էլ, ի պատասխան, հիշեցրեց՝ «Մինչև էդ դուք էլ էիք իշխանության մեջ»:

Մեկ այլ տաշիրցի էլ ասում էր՝ թե միակ մարդը, ով իրենց հույս է ներշնչում, վարչապետ Կարեն Կարապետյանն է: Օհանյանն էլ իր հերթին հակադարձեց՝ «ժողովրդի աչքին թոզ են փչում: Ես էլ ասում եմ հետևյալը՝ եթե Հանրապետականը փոխող լիներ, թող փոխեր, 10 տարի իրենք են ղեկավարել»:

Ի պատասխան բնակիչների, այդ թվում թոշակառուների դժգոհություններին՝ Օհանյանն ասաց, թե իրենք պատրաստվում են թոշակները բարձրացնել, արդարություն հաստատել, փորձում են իշխանափոխությամբ իրավիճակ փոխել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG