Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ՀՀԿ-ն ունի իր «հավակնոտ, բայց ոչ պոպուլիստական» ծրագիրն իրականացնելու ներուժ


Հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարավեց պատասխանեց «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում երեկ ձելբակալված Սամվել Բաբայանի աջակիցների պնդումը, թե Բաբայանը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ ասելով, թե պետք է սպասել իրավապահների գնահատականին:

Իսկ ընտրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն ասաց, որ շատ մեծ տեղեկատվություն են ստանում մարզերում անցկացվող հանդիպումների ժամանակ՝ շեշտելով մարզերի բնակիչների հետ կապը մշտապես պահպանելու անհրաժեշտությունը: Նա հավաստիացրեց, որ ստացված տեղեկատվությունն անպայման օգտագործելու են իրենց հետագա աշխատանքում:

Վարչապետի խոսքով, թեև բարեփոխումները միշտ չէ, որ բոլորի կողմից դրական են ընդունվում, այդուհանդերձ իրենք նույն տեմպով շարունակելու են աշխատանքը: ՀՀԿ-ի ծրագիրը վարչապետն անվանեց «հավակնոտ, բայց ոչ պոպուլիստական»՝ հավելելով, որ ունեն այն իրագործելու ներուժը:

Պատասխանելով հանդիպման եկած շենգավիթցիներից մեկի հարցին, թե պատրաստվում են արդյոք բարձրացնել մանկավարժների աշխատավարձը՝ վարչապետը նախ ասաց, որ կրթական համակարգը պետք է պահել բարձր մակարդակի վրա, ապա ասաց, որ Հայաստանում մանկավարժներին իսկապես տրված է «ոչ-արժանապատիվ աշխատավարձ»՝ արժանանելով ծափահարությունների: Իսկ մարկավարժների աշխատավարձի բարձրացման հարցին, Կարապետյանի խոսքով, կանդրադառնան «կոլապսային վիճակից» դուրս գալուց հետո:

Անդրադառնալով «Նաիրիտի» վերագործարկման հնարավորության մասին հարցին՝ վարչապետն ակնարկեց, որ իր նախորդները երբեմն ոչ տեղին խոստումներ են տվել, պետության միջոցներից են փակել ներդրողների կուտակած պարտքերը, աշխատավարձի պարտքերը: Նա ասաց, որ պետությունը չի պարտաստվում վերագործարկել «Նաիրիտը», բայց եթե հայտնվի ներդրող, որն իսկապես «խելքին մոտ» ծրագիր կունենա, իրենց կկանգնեն այդ ներդրողի կողքին:

«Գլենդեյլ հիլզ»-ի հետ դեռևս 2008-ին պայմանագիր կնքած ու մինչև օրս բնակարանը չստացած 300 քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան, վարչապետն ասաց, որ ինքը կհանձնարարի զբաղվել կոնկրետ այդ քաղաքացու հարցով՝ հավելելով, որ հետագայում ստեղծելու են այնպիսի միջավայր, որ նման պատմությունները չկրկնվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG