Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ «Օրենք էլ կփոխենք, համակարգ էլ կփոխենք, մեղավորներին էլ կպատժենք»


Ապրիլի 2-ը փոփոխությունների հասնելու համար մեծ հնարավորության օր է, այսօր այսպես դիմեց սյունեցիներին «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, ով իր քարոզարշավը սկսեց Սիսիան քաղաքում:

«Բոլորն էլ շատ գեղեցիկ խոսում են: Ծրագրերը նայում եմ՝ բոլորի ծրագիրն է հոյակապ է: Ոնց որ պատկերացնես՝ կարող է ընտրություններից հետո Շվեյցարիայում դուք ապրեք, բայց պետք է իմանաք՝ տվյալ մարդը ի՞նչ կարգավիճակում է ապրում մինչև այսօր, ինչի հաշվին է ապրում, ինչ է իրական կյանքում արել, բացի մեծ-մեծ խոսելուց, որ էսօր դուրս է եկել՝ քաղաքականությունից է խոսում, կազմակերպելուց, որ վաղը փոխելու է», - ընտրողներին դիմելով հայտարարեց Ծառուկյանը: - «Ես ձեզ ասում եմ՝ արդեն հինգ ընտրություն անցել է, բոլորդ էլ գիտեք՝ մարդը ով է, իրական կյանքում ինչ է արել, ինչ կարող է անի, իր մոտեցումը, իր տեսակետը: Հնարավորություն է տրված՝ հիմա ընտրում եք: Տվեք՝ օրինական կարգով ամեն ինչ կփոխվի՝ օրենք էլ կփոխենք, համակարգ էլ կփոխենք, որոշում էլ կկայացնենք, մեղավորներին էլ կպատժենք», - հավելեց նա:

Ծառուկյանը ներկայացրեց իրենց 15 կետերից բաղկացած նախընտրական ծրագիրը՝ նշելով, որ եթե այն կյանքի չկոչվի՝ Հայաստանը չի զարգանա:

«Այն գործարանները, որոնք այսօր չեն աշխատացնում, ովքեր որ գնել են, պետք է տան նրան, ով կարող է դա անել: Եթե ուրիշ մարդ չկա, ուրեմն պետությունը պետք է դա անի՝ ժողովրդին գործ է պետք: Այսօր թոշակները ամեն ամիս պետք է բարձրացվի, որովհետև այդ ցածր թոշակներով մարդը չի կարող միայն գազ, հոսանք վճարի, բա ո՞նց պետք է կերակրվի: Բանկի տոկոսները պետք է ցածրացվի՝ լինի 2-5 տոկոս: Հիմնական այդ խնդիրներն են, որ պետք է այսօր հնարավորություն տրվի: Այսինքն՝ հնարավորություն տրվի, որ մենք կարողանանք օրենք փոխենք, որոշում կայացնենք, համակարգ փոխենք, մարդ փոխենք, ով մտածում է ժողովրդի մասին», - նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ի տարբերություն երեկվա, երբ Ծառուկյանը Սյունիքի այլ քաղաքներում պահանջում էր 50+1 տոկոս քվե, այսօր նա այդպիսի հորդորով չդիմեց սյունեցիներին: Առանձին - առանձին ներկայացնելով իր նախընտրական կետերը, նա խոստացավ, որ իշխանության գալու դեպքում կիրականացնի մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսին կազատի հարկերից մի քանի տարով, կբարձրացնի նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը:

Հանրահավաքից հետո Գագիկ Ծառուկյանը նաև մասնակցեց Սիսիանի մարզադպրոցի բացման արարողությանը, որը, ինչպես ինքը հայտարարեց, իր միջոցներով է վերանորոգվել դեռևս անցյալ տարվանից:

Սիսիանում բազմաթիվ քաղաքացիներ նույնպես դիմում էին Գագիկ Ծառուկյանին բազմաթիվ խնդրանքներով, նամակներով: Արդեն վերջում, երբ նա նստում էր մեքենա, Ծառուկյանին մոտեցան մի քանի քաղաքացիներ՝ կրկին խնդրանքով: Երբ լրագրողները փորձեցին մոտենալ նկարահանելու, Ծառուկյանի թիկնապահներից մեկը անձամբ սկսեց մոտենալ բոլոր լրագրողներին, անգամ ձեռքով հրում էր տեսախցիկները, հորդորելով այլևս չնկարել և պնդելով, որ այլևս նկարահանելու բան չկա:

Գագիկ Ծառուկյանն այսօր նաև նախատեսել է հանդիպում անցկացնել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG