Մատչելիության հղումներ

Լյովա Խաչատրյան. «Երբ ասում ենք՝ վախեցնում են, Ձեզ թվում է՝ կոմունիստնե՞րն են վախեցնում»


«Ազատություն»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ։

«Ազատություն». - Եթե իսկապես այդպես ընդդիմադիր հայացքներ ունի Գագիկ Ծառուկյանը, իսկապես ցանկանում է երկրում փոփոխություններ անել, ինչո՞ւ իշխանափոխության մասին չի խոսում, ինչո՞ւ հանրապետականներին չի քննադատում, կամ Սերժ Սարգսյանին, այս քարոզարշավի շրջանում ինչո՞ւ նման ելույթներ չենք լսում։

Խաչատրյան. - Երբ ասում է՝ վախեցնում են, Ձեզ թվում է՝ կոմունիստնե՞րն են վախեցնում ընտրողներին և այլն։

«Ազատություն». - Ինչո՞ւ չի ասում, որ Հանրապետականն է, կամ գուցե մեկ այլ քաղաքական ուժ է, ի՞նչ գիտեք, թե ում նկատի ունի։

Խաչատրյան. - Մարդուն կարելի է և մի փոքր փոխաբերական իմաստով դիմել։ Ավանակին են ուղիղ ասում, բոլորիս հասկանալի է, թե ում նկատի ունի, ում նկատի չունի։ Ամեն ինչ ժողովուրդը հասկանում է։ Այնպես որ ձևակերպել, թե ուղղակի չի ասված կամ անուղղակի է ասված... Երբ որ ասում ենք ՝ «մենք գնում ենք 51 տոկոս և ավելին վերցնելու», դա վերցնում ես ումի՞ց՝ ով այսօր ձևավորում է իշխանություն:

«Ազատություն». - Բայց ի՞նչն է հետ պահում՝ անվանական չքննադատել, կոնկրետ խնդիրները չմատնանշել, պատասխանատուներին չմատնանշել, ինչո՞ւ, ի՞նչն է հետ պահում։

Խաչատրյան. - Խնդիրները լրիվ մատնանշված են։ Տասը օր հետո ընտրությունն ավարտվելու է, և մենք կձևավորենք և ոչ միայն կմատնանշենք, այլ կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք բերել, հասցրել են այս երկիրն այս վիճակին։ Վերջիվերջո ինչ-որ մի ժամանակ անդրադառնալու ենք, չէ՞, սենց չի կարող լինել, որ համատարած... ես չգիտեմ, հենց այս ընտրությունների ժամանակ միջադեպերը, և դրանից առաջ միջադեպերը։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանին քննադատելուց չի՞ զգուշանում Գագիկ Ծառուկյանը, պարոն Խաչատրյան։

Խաչատրյան. - Ի՞նչ է նշանակում զգուշանալ, չզգուշանալ։ Կարծես թե մենք մեր ճանապարհով գնում ենք, ընտրել ենք մեր ուղին և գնում ենք մեր նպատակին։ Այսօր բոլորը մեզանից են զգուշանում, որովհետև հասկացել են... Դուք ասում եք՝ «ինչո՞ւ է այդքան հաճախ «Բարգավաճ»-ի դեմ, Լյովա Խաչատրյանի դեմ...», որովհետև Լյովա Խաչատրյանի վարկանիշն այնքան բարձր է մարզում՝ պետք է իրեն խանգարել ընտրություններին, պետք է իրեն ինչ-որ ձևի խոչընդոտել։

«Ազատություն». - Հանրապետականները ձեզ հիմա խանգարո՞ւմ են։

Խաչատրյան. - Բոլորը պետք է խանգարեն, որոնք որ...

«Ազատություն». - Չէ, կոնկրետ Հանրապետականը ձեզ խանգարո՞ւմ է, պարոն Խաչատրյան։

Խաչատրյան. - Եթե ի նկատի ունեք, որ չի կարելի ասել, որ խանգարում է... ուսուցիչներին են ինչ-որ բան պարտադրում, նպաստից են կտրում, նպաստառուներին են ասում, համայնքապետերին են... Դուք ձեր մամուլում հաճախ անդրադառնում եք, որ ահաբեկում են, վախեցնում են, դուք եք դա գրում, դա ես չեմ ասում, ես կրկնում եմ ձեր ասածը, եթե դա դուք չեք համարում խանգարել, իհարկե՝ մեզ շոյում են և մեր ճանապարհը վարդերով են շաղ տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG