Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ Ընտրակեղծարարության պարագայում անպայման լինելու է հետընտրական պայքար


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այսօր Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպումներն ավարտեց Գյումրիում՝ բազմամարդ հանրահավաքով Թատերական հրապարակում:

Հանրահավաքին դաշինքի առաջնորդներից չէին մասնակցում Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ովքեր Արթիկից վերադարձել էին Երևան՝ ներկա լինելու «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությանը:

Հանրահավաքի ավարտին Սերյան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նախօրեին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իր մասին արած հայտարարություններին:

Օհանյանը, մասնավորապես, ասաց, թե երբևէ չի ասել, թե «բանակը զրոյից ստեղծել է»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է Վիգեն Սարգսյանն իրեն այդպիսի խոսքեր վերագրում:

Վիգեն Սարգսյանը նաև զարմանք էր հայտնել, որ Սեյրան Օհանյանը պայքարում է Հանրապետական կուսակցության դեմ: Օհանյանն ասաց, որ զարմանալու ոչինչ չկա․ «իշխանությունը ՀՀԿ-ն է», և իր պայքարը «ոչ թե ընդդեմ է, այլ հանուն»:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը «ջերմ համագործակցում է» այն ուժերի հետ, որոնց մասին դրական կարծիք չի ունեցել՝ Օհանյանն ասաց․ - «Այդ իրադրության գնահատման արդյունքում ճշտումներ երբ որ մտցնում ես, տեսնում ես, թե որոնք են այն ուժերը, որոնք կարող են մեր երկիրը տանել դեպի առաջընթաց, որոնք են այն ուժերը, որոնց նկատմամբ դու նախկինում միգուցե սխալ վերաբերմունք ես ունեցել, խորապես չես գիտակցել, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում: Եվ նաև՝ որոնք են այն ուժերը, որոնց դու վստահել ես, բայց այդ վստահության արդյունքը չես տեսել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Գյումրիում 2013 թվականին ջախջախիչ պարտության էր մատնել Սերժ Սարգսյանին, հանրահավաքի իր ելույթում ասաց, որ այս անգամ թույլ չեն տալու, որ ՀՀԿ-ն «խփի այնքան, ինչքան ուզում է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն համոզմունք ունի, որ ընտրակեղծարարություն լինելու է: Նա վստահեցրեց, որ այդ պարագայում անպայման լինելու է հետընտրական պայքար, որպեսզի տեր կանգնեն իրենց քվեին․ - «Անպայման պայքարը կշարունակվի, եթե կեղծվի գործընթացը թե արդյունքը: Եվ դա կլինի բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով: Հուսով եմ՝ ոչ արյունահեղությամբ․․․ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին ունի ինքնապաշտպանվելու իրավունք, նաև ընդվզելու իրավունք: «Սասնա ծռերը» ցույց տվեցին, թե այդ հուսահատությունը, այդ մթությունը ուր է հասել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG