Մատչելիության հղումներ

Որոշ դիտորդական կազմակերպություններ «կարող են փոխկապակցված լինել քաղաքական ուժերի հետ»


Armenia -- Daniel Ioannissian, Head of "Independent Observer" NGO, undated.
Armenia -- Daniel Ioannissian, Head of "Independent Observer" NGO, undated.

ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության 28 հազար 21 դիտորդ:

«Անկախ դիտորդ» և «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված մի շարք հասարակական կազմակերպություններ կարող են փոխկապակցված լինել ընտրություններին մասնակցող ուժերի ու թեկնածուների հետ:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ 28 հազար դիտորդների հավատարմագրումն արտառոց չէ․ նախորդ տարիներին գրեթե նույն թվով դիտորդներ ենմասնակցել ընտրությունների դիտարկմանը:

«Անկախ դիտորդ» կազմակերպության մամուլի խոսնակ Դանիել Իոաննիսյանն ուսումնասիրել է հավատարմագրվածների ցանկը, և պնդում է, թե վստահելի կազմակերպությունները կունենան 6 հազար 300 դիտորդ․ - «6 հազար 355 դիտորդ ներկայացրած մի քանի կազմակերպություններ ակնհայտորեն կապակցված են Հանրապետական կուսակցության հետ: Այդպիսի կազմակերպություններից մեկի ղեկավարը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով թեկնածու է՝ Անանիա Մալաքյանը: Օրինակ, այդպիսի կամզակերպություններից մի քանիսը ստանում են ֆինանսական օժանդակություն Կարեն Ավագյանի գլխավորած հիմնադրամից և այլն: 6 հազար 417 դիտորդներ ներկայացրած մի քանի կազմակերպություններ փոխկապակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, և 2 հազար 472 դիտորդ ներկայացրած որոշ կազմակերպությունների վերաբերյալ էլ հայտնի է նրանց փոխկապակցվածությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ: Այսպես ասած՝ կեղծ դիտորդական առաքելությունների մասով խնդիրը այն է, որ, նախ, իրենք կարող են ոչ-իրական պատկեր ներկայացնել ընտրությունների մասին: Հաջորդը, որ այս անձինք իրականում ոչ թե դիտորդներ են լինելու տեղամասերում, այլ վստահված անձինք են լինելու»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն իր դիտարկումներն ունի․ - «Դեռ ամբողջովին ակնհայտ չի, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում, բայց, օրինակ, «Արժանապատիվ սպա» կազմակերպության նախագահը նաև թեկնածու է«Օրինաց երկրից», որը վերափոխվել է «Հայկական վերածնունդ»: Կարելի է ասել, որ մտահոգություն է, որովհետև կուսակցական դիտորդական առաքելություն է»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վկայակոչում է Ընտրական օրենսգիրքը․ - «Օրենքը որևէ կանոնակարգում չունի, որևէ պահանջ չունի, որպեսզի ոչ միայն ուսումնասիրվի այս կամ այն կուսակցության հետ վերջինիս կապը, այլ ընդհանրապես, որպեսզի ուսումնասիրվի այս կամ այն կազմակերպության ունեցած ներքին շահերը ընտրական գործընթացում: Չի բացառվում, որ անգամ այս եղանակով, օրինակ, նույն տարածքային թեկնածուները, ենթադրենք, տեղամասային կենտրոններում իրենց համար հանրային հրապարակայնությունը փորձում են ապահովել նշված եղանակով: Օրենքով նման արգելք ըստ էության ամրագրված չէ»:

Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ դիտորդական առաքելությունների մասով Ընտրական օրենսգրքի կարգավորումները մեղմ են․ - «Ընդամենը սահմանափակում է, որ դիտորդները չպետք է քարոզեն այս կամ այն կուսակցության կամ դաշինքի օգտին: Բայց ինքնին սա խնդիր է, որովհետև դիտորդի վարքագծի կանոնները ենթադրում են, որ դիտորդը պետք է իրապես անկախ լինի կուսակցություններից, որպեսզի կարողանա անկախ տեսակետ հայտնել այն մասին, թե ինչպիսին են եղել ընտրությունները»:

Արմեն Գրիգորյանն ու Դանիել Իոաննիսյանը նաև նկատեցին․ - «Իրենք կարող են ուղղակի տեղամասերով լցվել, և մենք բոլորս գիտենք, որ ընտրական հանձնաժողովները կարող են սահմանափակել և մինչև 15 դիտորդ, լրագող թույլատրել: Սա նշանակում է, որ կլինեն տեղամասեր, որտեղ մեր դիտորդները կարող են խնդիրներ ունենալ մուտք գործելու հետ կապված» (Դանիել Իոաննիսյան):

«Եթե այս 28 հազար քաղաքացիները լինելու են ընտրատեղամասում ու հաշիվն էլ միջինով բաժանում ենք 14-ը ու էնտեղ մեկ հոգի է մնում, ու եթե կազմակերպությունները հավասարաչափ չբաշխվեն, ապա Երևանում, օրինակ, համոզված եմ, ավելի շատ կլինի, ու ընտրատեղամաս մտնելու խնդիր է առաջանալու» (Արմեն Գրիգորյան):

«Եթե որոշում է կատարվում թվի սահմանափակման մասին, այդ որոշումը պետք է ընդունվի հանձնաժողովի անդամների ձայների երկու երրորդով: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են բավականին հետաքրքիր սկզբունքով՝ խորհրդարանում ներակայացված յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնում է մեկ ներկայացուցիչ և երկուսին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը: Դա նշանակում է, որ ի սկզբանե այդ հանձնաժողովներում երկու երրորդը ապահովելը դա, բնական է, որ կարող է լինել միայն օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG