Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով Շիրակի մարզում է


Օրվա ընթացքում նախատեսված են վարչապետի այցելությունները մարզի մի շարք համայնքներ, իսկ այցի ավարտին Գյումրիում կմասնակցի Կումայրի արգելոցում տուրիզմի զարգացման ծրագրի մեկնարկին։

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ստեղծված հիմնադրամում Կարեն Կարապետյանի ընտանիքը 500 հազար դոլարի ներդրում է արել, արդեն ձեռք է բերել մեկ շինություն, որի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այսօր:

Թեև վարչապետի այցն աշխատանքային է, սակայն շիրակցիների հետ հանդիպումներում նաև քարոզչություն էր իրականցվում:

Վարչապետը եղավ Արթիկի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներում: Գյուղացիները հիմնականում դժգոհում էին բերքի իրացումից, առաջարկում էին ստեղծել նոր աշխատատեղեր՝ արտագաղթը կանխելու համար:

Մեծ Մանթաշ գյուղում Կարեն Կարապետյանը հակիրճ հաշվետվություն ներկայացրեց իր վարչապետության վեց ամիսներին կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը:

Մեծմանթաշցիները վարչապետին ասացին, որ խնդիրներ ունեն կապված խմելու ջրի հետ, կարտոֆիլի ու գազարի բերքի իրացման հետ:

Մեծ Մանթաշ գյուղում մի տարեց կին ասաց, որ իրենց հիշում են միայն ընտրություններից առաջ․ - «Նրանից հետո հեչ բանի տեղ դնող չի էղել ու չի էլ էղնի: Ես էնքան թերահավատ եմ դառել, որ արդեն ինքս ինձ չեմ հավատում»:

Վարչապետի պատասխանը․ - «Ես հասկանում եմ Ձեզ: Դուք ունե՞ք ուրիշ տարբերակ առաջարկելու․․․ խոսենք դրա մասին: Բայց ես էս պահին որևիցե խոստում տվե՞լ եմ, որի վերաբերյալ դուք կարող եք ասել իրատեսական է, թե չէ․․․ Ընդամենը ինչ եմ ասել․ որ այն ծրագիրը, որը դուք ձևավորել եք, որը դուք պատկերացնում եք, որ ձեր գյուղի զարգացման ծրագիրն է, համատեղ, ձեր ամբողջ ներուժով, մենք այդ ծրագրին ներուժ ենք լինելու: Այլ տարբերակ չկա: Երկրորդը, ուղղակի այս պահին խոսքով ինձ հավատացեք․ ես որևիցե սահմանափակում չեն տեսնում, թե մենք ինչի չենք կարա մարդավարի ապրենք, հալալ, նորմալ երկիր ստեղծենք: Եթե հավատալու եք մեզ․․․ Սա խոստում չի, սա ընդամենը մեր կողմից շատ մեծ պատրաստակամություն է ծառայելու և մեր վրա բեռ վերցնելու: Վարչապետ աշխատելը Հայաստանում այսօր ամենաանշնորհակալ գործն ա: Ում մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ: Այդ իսկ պատճառով այսօրվա ձևավորված թիմը շատ լավ հասկանում է․․․ Ավելին ասեմ՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, մենք առնվազն մի հինգ տարի անքուն գիշերներ ենք ունենալու, մարդավարի կյանք չենք ունենալու․․․ Բայց մենք ինչի՞ ենք սրա տակ մտնում: Որովհետև մենք շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, շատ անհանգիստ ենք մեր երեխաների, թոռների համար»:

Հիշեցնենք, Կարեն Կարապետյանի ընտանիքն արդեն 500 հազար դոլարի ներդրում է արել, ձեռք է բերել շինությունը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG