ԳագիկԾառուկյանը տեղյակ չէ, թե ինչու են դանակահարել իր ղեկավարած դաշինքի Քուչակ համայնքի շտաբի պետին։ Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ Ծառուկյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ միջադեպի մասին:
«Ապրիլի 2-ին մեզ տվեք 50 տոկոս պլյուս մեկ ձայն, որպեսզի մենք կարողանանք ձեզ վախեցնողներին գործից ազատել և ամենքին իր տեղը ցույց տալ»: Այսօր այս կոչով սյունեցիներին դիմեց «Ծառուկյան դաշինքը» գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Գործարար պատգամավորը Կապան քաղաքում ունեցած իր ելույթի մեծ մասը նվիրեց քաղաքացիներին նախընտական շրջանում վախեցնելու, ահաբեկելու հետ կապված հարցերին: Դիմելով կապանցիներին, Ծառուկյանը կոչ արեց չվախենալ և ապրիլի 2-ին գիտակցել՝ որևէ մեկը չի կարող վերահսկել ընտրողի քվեն:
«Մարդկանց ահաբեկելով, վախեցնելով, ասում են՝ գործից կազատեմ․․․պետք է հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք: Նրանց վախը դա է: Ուզում ա մարզպետը լինի, քաղաքապետը լինի կամ կոմբինատի տնօրենը լինի, ամբողջը կախված ա ձեզնից: Ոչ մեկի հետ վատամարդ մի դառեք, գնում եք ընտրության ձեր խղճի առաջ, ում հավատում եք: Կարևորը՝ դուխներդ տեղը պահեք: Քամի են անում իրենց տեղը պահելու համար, միայն որ իրենց գործին մնան: Եթե բան փոխվեց, առաջինը իրենց դիմումի համաձայն են դուրս գալու»,- ասաց Ծառուկյանը:
Ելույթի ընթացքում պարբերաբար անդրադառնալով «ժողովրդին վախեցնելու» թեմային, Գագիկ Ծառուկյանը, սակայն, այպես էլ որևէ «վախեցնողի» անուն չհնչեցրեց: Կապանում իրականացված քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան դաշինքից» ելույթ ունեցավ միայն Գագիկ Ծառուկյանը:
Իր ելույթում նա անդրադարձավ նաև հանքարդյունաբերությանը, նշելով, որ Սյունիքի մարզը գոյատևում է հենց այդ ոլորտի շնորհիվ, սակայն հավելեց՝ «Այդ գործարանները գերշահույթ են ունենում, որից շարքային սյունեցիները չեն օգտվում, անգամ նրանց աշխատավարձերը չեն բարձրացնում»: Նա խոստացավ իշխանության գալու դեպքում «համապատասխան օրենք մշակել», ինչը հնարավորություն կտա «գերշահույթների դեպքում» կրկնապատկել աշխատավարձերը:
«Նավթ ու գազ չունենեք, մոլիբդեն ու պղինձ ունենք: Բայց դրան հարկավոր ա հետևել, հնարավորություն տալ, օրենք փոխել, համակարգ փոխել: Այսօր Մոլիբդենի կոմբինատի շահույթը կազմում է 20-ից 30 տոկոս: Եթե ասենք թե՝ պղինձը ոչ թե 5600 դոլար ա եղել, այլ 10000 դոլար, ի՞նչ ա փոխվել ձեղ մոտ, ոչ մի բան: Բայց պետք է աշխատավարձն էլ փոխվեր, համապատասխան պետք է նայեին, օրենք փոխեին, որ դա պետական բյուջեինն ա, դա ժողովրդինն ա»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: