Մենք միշտ մինչև վերջ ենք գնում, մենք կարող է ընկնենք, բայց չենք ծնկելու,Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններին, նշելով, որ եթե նա իրոք անկեղծ է, ապա պետք է ոչ թե բացթողումների մասին խոսի, այլ ասի, որ իր կուսակցությունը, կուսակցապետով հանդերձ, պետական հանցագործությունների շարան է կատարել՝ ընտրագողություն, հանրային և մասնավորի շահերի միջև բախում, գործադիր իշխանությունից դատական իշխանության կախում և այլն:
«Ազատության» խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը դեմ է գնացել իր սկզբունքներին՝ դաշինք ձևավորելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Ափսոսում եմ, որ Զարուհին և մեկ–երկու ուրիշներ հեռացել են կուսակցությունից, ես խնդրել եմ, որ իրենք մնան:Զարուհու, Անահիտի [Բախշյան] հայրենասեր տեսակը պետք էր մեր քաղաքական դաշտում, և իրենց ամենաբարին եմ մաղթում, սակայն ճշմարիտ չէ, որ մենք հեռացել ենք մեր սկզբունքներից, որովհետև հենց «Ժառանգությունն» է, որ դրել է քաղաքացու իշխանություն, մարդու իրավունք սեփական երկրում, ազգային շահ, Արցախի շահ և տարածքային ամբողջականության ճանաչում, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովման խնդիրը, թե՛ մեր երկրում քարոզարշավների ժամանակ, թե՛ միջազգային ատյաններում: Դրա համար ես կարող եմ ասել, որ ամեն մեկն ունի իր տեսակետների իրավունքը»:
«Նոր ծիլեր պիտի տա «Ժառանգությունը», ինչպես արդեն տալիս է: Բուն կուսակցության դերակատարությունը դա է, ոչ թե հիմնված լինի ինչ-որ մի մարդու վրա: Մենք պետք է ունենանք սերնդափոխություն կուսակցություններում, իշխանության մեջ, յուրաքանչյուր ոլորտում», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: