Հայ հեղափոխական դաշնակցության քարոզարշավն այսօր Էջմիածնում ազգագրական երգ ու պարով ուղեկցվեց: Տարածքային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ի թեկնածուները բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ շուրջպար բռնեցին։
«Մեզ մոտ թեև անընդհատ խոսում ենք տնտեսական աճի մասին, ցավոք, սակայն, այդ աճը մեր քաղաքացիների շատերը, եթե չասեմ մեծամասնությունը կամ 99 տոկոսը, չի զգում իր վրա, որովհետև նախ այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով: Այն մեկ խումբ մարդկանց ձեռքում է, ցավոք, այսօր կենտրոնացված»,- հավաքի ժամանակ ունեցած իր ելութում, անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Էջմիածնում առաջադրված ՀՅԴ տարածքային թեկնածուներից Անդրանիկ Կարապետյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ ինքը լավ հարաբերություններ ունի գործող քաղաքապետ՝ հանրապետական Կարեն Գրիգորյանի հետ։ «Կարծում եմ, որ մենք կարող ենք կոնստրուկտիվ կերպով համագործակցել»,- ասաց նա:
Դաշնակցական երգիչ Ներսիկ Իսպիրյանն էլ «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ եթե իրենց կուսակցությունը շատ ձայներ ունենա, «երկրում դրական փոփոխություններ շատ են լինելու»։