Մատչելիության հղումներ

Նավալնի. Հակակոռուպցիոն երթն այնուամենայնիվ կայանալու է


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ հայտարարել է՝ թեև Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել հակակոռուպցիոն երթ անցկացնել, այնուամենայնիվ այն կայանալու է։

Ընդդիմադիրն իր կայքում հրապարակել է մի հայտարարություն, որում նշված է, որ մարտի 18-ին Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել իրենց միջոցառումն անցկացնել Մոսկվայի կենտրոնական Տվերսկայա փողոցում և այլընտրանք չեն առաջարկել։

Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել երթը՝ պատճառաբանելով, որ բողոքի ակցիան կխոչընդոտի երթևեկությանը։ Նավալնիի պնդմամբ, քանի որ իշխանությունները երթի համար այլընտրանքային վայր չեն առաջարկել, ապա դա նշանակում է, որ նրանք արտոնել են մարտի 26-ի երթը։

Մոսկվայում հակակոռուպցիոն այս բողոքի ակցիան արդեն անվանել են «Մեդվեդևի դեմ երթ»։ Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» մարտի 2-ին հետաքննություն էր հրապարակել, որի գլխավոր «հերոսն» այս անգամ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր։

«Նա Դիմոնը չէ։ Պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ. Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը», - Նավալնին այսպես է վերնագրել տեսահոլովակը։ Այն մի քանի տասնյակ միլիոն մարդ է դիտել։

Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան հրաժարվել էր մեկնաբանել այս կոռուպցիոն մեղադրանքները՝ ասելով, թե Նավալնու հետաքննությունը նախընտրական քարոզչական հարձակում է, ինչն անիմաստ է մեկնաբանել։

Մեղադրանքները չէր մեկնաբանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG