Մատչելիության հղումներ

Էստուկյան․ Աթեշյանը ստիպված կլինի բացատրություն տալ, թե ինչու չի հրաժարվում պաշտոնից


Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը կրկին փակուղում է հայտնվել:

Անցած չորեքշաբթի պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն ընտրությունների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց պարտված թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկաներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, որի համաձայն նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:

«Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց` թուրքական պատկան մարմինները, հայտնելով, թե չեն ընդունում տեղապահի ընտրությունը, փորձում են միջամտել հայ համայնքի ներքին գործերին:

«Մենք կարող ենք այս գրությունը չեղյալ համարել և մեր ճանապարհով շարունակել: Սա մեկ տարբերակ: Երկրորդ տարբերակ՝ պետության խոսքը օրենք համարելով, մեր որոշումը չեղյալ համարել: Կարծում եմ, որ այս երկրի պահպանողական դասակարգը այդ երկրորդ տարբերակն է նախընտրելու, որը նույնիսկ նահանգապետի ստորագրությունը չի պարունակում, այլ նրա տեղակալի ստորագրությունով է», - նշեց Էստուկյանը, ցավով արձանագրելով՝ կատարվածի հետևում հայ համայնքից երկու անձ է կանգնած․ - «Ավելի մտահոգիչ երևույթը այն է, որ այդ գրությունը նախօրոք պատրաստված է նաև որոշ հայերի հետ խորհրդակցություններով: Մեկը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, մեկը՝ Ս. Փրկիչ Հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն է: Համայնքի մեջ այս երկուսն են, որ ամեն առիթով հայտարարում են, թե պետության հետ երկխոսության մեջ են»:

Հայտնի է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպում է խնդրել Ստամբուլի նահանգապետարանից և հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ միասին պատրաստվում է գնալ ու պարզաբանել ստեղծված իրավիճակը: Բագրատ Էստուկյանի կարծիքով` սա խնդրի լուծում չէ և միակ ելքը Աթեշյանի հրաժարականն է, այլապես նա ստիպված կլինի բացատրություն տալ, թե ինչու չի հրաժարվում պաշտոնից․ - «Ի՞նչ վախ ունի, որ հանկարծ հրաժարումով պիտի պարզվի, ի՞նչ առիթներ պիտի փակվեն իր դիմաց: Այս բոլորը կարևոր հարցումներ են, որովհետև վերջին շրջաններում պատրիարքարանը դրամական շատ ծանր հաշիվների միջամուխ եղավ, ինչը աննախադեպ երևույթ է: Պատրիարքարանը միշտ շատ համեստ հաշիվներ է ունեցել, առկա գումարը միշտ շատ համեստ է եղել և միշտ այդ համեստ հաշիվներն էլ ստուգող, քննարկող, տարեկան հաշվետվություններ պատրաստող խորհրդակցական մարմին է գոյություն ունեցել: Արամ Սրբազանի՝ փոխանորդ նշանակումից հետո այդ մարմինը այլևս գոյություն չունի»:

Ըստ եկեղեցական կանոնադրության և օրենքների, թուրքական կառավարությունը իրավունք չունի միջամտելու պատրիարքի ընտրության գործընթացին: Էստուկյանի խոսքերով` եթե նույնիսկ ընտրված պատրիարքը հաճելի չէ իշխանություններին, ապա պետությունը միայն մեկ լծակ կարող է գործադրել․ - «Պատրիարքները այն եզակի մարդիկ են այս երկրի մեջ, որոնք կարող են փողոցում եկեղեցական հանդերձանքով շրջել: Իրենց այդ իրավասությունը տրվում է նախարարների խորհրդի որոշմամբ: Ուրեմն կառավարությունը միայն այդ որոշումը տալիս կարող է հրաժարվել և այսպիսով իր դժգոհությունը հայտնել»:

Էստուկյանն ասում է՝ հայ համայնքը, անշուշտ, չի ցանկանում պետության հետ վեճի մեջ մտնել․ - «Բայց սա չի նշանակում, որ պետության կամայական որևէ դիրքորոշման պատճառով պետք է հետքայլ անենք մեր իրավունքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG