Իշխող Հանրապետականի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրի էր եկել ոչ թե աշխատանքային այցով, այլ կուսակցական գործերով։
«Դա հանդիպում էր թեկնածուների, կուսակցության մարզային խորհրդի և մեր համակիրների հետ: Ըստ էության՝ մարդկանց հետ, ովքեր հիմա զբաղված են այս նախընտրական պրոցեսում», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Հանրապետական Շիրակի մարզային նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ում հետ էր հանդիպումը և ինչ էին քննարկում 4 ժամ շարունակ փակ դռների հետևում: - «Ես ասեմ՝ կարող է շատ շատերին դուր չի գալիս, որ այսօր Շիրակի մարզում շատ նորմալ նախընտրական մթնոլորտ է», - հավելեց Նիկոյանը:
ՀՀԿ ղեկավարը նաև կուսակցության պատգամավորության տարածքային թեկնածուների ու առանձին համայնքապետերի հետ է հանդիպել ու զրուցել: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսայանն ասաց, որ Սարգսյանը հանդիպմանը ներկա գտնվողների առջև հստակ խնդիր է դրել․ - «Ամեն ինչ արվի, որպեսզի ընտրություններից հետո որևիցե քաղաքացի կամ դիտորդական առաքելություն չասի, որ ընտրություններում տեղի են ունեցել օրենքի խախտումներ: Այսինքն՝ ամենաառաջնային խնդիրը դրվեց, որպեսզի մենք որպես այս գործընթացի ավանգարդ և պատասխանատու ամեն ինչ անենք, որպեսզի մեր թիմի կողմից որևիցե ընտրախախտում չնկատվեն: Սա շատ կարևոր էր, որ հստակեցվեց այդ խնդիրը»:
Մինչ փակ դռների հետևում Հանրապետականի ակտիվը քննարկումներ էր անցկացնում, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ հայտնվեցին, թե Սերժ Սարգսյանը եկել է Գյումրի, որ Հանրապետականի համար այսպես ասած «ձայների թիվ» դնի: Ե՛վ Սամվել Նիկոյանը, և՛ Սուքիաս Ավետիսյանը ասացին որ այդ մասին խոսք անգամ չի եղել:
«Նման խոսակցություն չէր կարող լինել: Ոչ թե չի եղել՝ չէր էլ կարող լինել», - մասնավորապես հայտարարեց Նիկոյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետականը հատկապես Գյումրի քաղաքում նախորդ համապետական ընտրություններում պարտվել է, արդյոք Սերժ Սարգսյանին հերթական ընտրությունների նախաշեմին դա չի մտահոգել: Այս հարցին Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց․ - «Մենք բոլոր ընտրությունների ժամանակ մարզում խնդիր չենք ունեցել: Գյումրիում ունեցել ենք, բայց հիմա նորից առանձնացնենք Գյումրին՝ կարծում եմ՝ խնդիր չկա: Այսօր Գյումրիում շատ նորմալ, ուժեղ թիմ է հավաքված: Կարծում եմ, որ մենք այս անգամ Գյումրիում էլ խնդիր չենք ունենա, չնայած այդ մասին չի խոսվել»:
Արդյոք տարաձայնություններ ու դժգոհություններ կան տարածքային թեկնածուների միջև․ այս հարցին ի պատասխան Հանրապետականի Շիրակի մարզի շտաբի պետ Սամվել Նիկոյանը նշեց․ - «Ոչ, որովհետև բոլորը հասկանում են, որ այստեղ մրցակցությունը գնում է նաև թիմի մեջ: Բոլորը բոլորին մրցակիցներ են: Եթե նախկինում պայքարը սևի և սպիտակի միջև էր՝ իշխանություն – ընդդիմություն դաժան պայքար էր գնում, ապա հիմա բոլորը բոլորի մրցակիցներ են նաև թիմի մեջ, առավելապես թիմի մեջ, որովհետև շատ հաճախ նույն ռեսուրսների վրա են աշխատում: Մենք Ձեզ ներկայացնում ենք տարբեր ոլորտի աշխատողներ՝ դուք ընտրեք: Մենք որևիցե մեկին չենք պարտադրում ձեզ, որ հետո ասեք՝ այ դուք պարտադրեցիք և ամբողջ ռեսուրսներով օգնեցիք, հիմա այս մեկը գնաց պառլամենտ, դրա համար պառլամենտի որակը այդպիսին չէ: Որակը այլևս դուք եք որոշում»:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Հանրապետականը քարոզարշավ կանցկացնի նաև Շիրակի մարզում։