Ջրառատում վիրավորվածի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ով պնդում էր, որ գյուղում կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը զենքն ուղղել էր իր որդիներից մեկի գլխին, օրեր անց հայտարարեց՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի, ընդգծելով՝ ինքն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը խելք-խելքի են տվել ու հաշտվել:
Մինչ Մելքոնյանը հաշտվելու մասին է խոսում, Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նրան ու գյուղապետին բերման կենթարկի՝ ցուցմունք տալու: - «Մամուլի հրապարակումները դարձվել են քննության առարկա, ծանուցագրեր ուղարկվել են բոլոր այն անձանց, ովքեր կարծում ենք, որ կարող են միջադեպի վերաբերյալ տրամադրել ցուցմունքներ և պատմել իրականությունը: Այս անձինք չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և արդեն օրենքով սահմանված կարգով նրանց բերման ենթարկելու որոշում կկայացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մանվել Մելքոնյանն ու իր կինը լրատվամիջոցներին պատմել էին, թե ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, զնենքն ուղղել է իր որդիներից մեկի՝ Նարեկի գլխին ու պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել: Սոնա Տռուզյանն ասաց՝ ճիշտ կլիներ, եթե նրանք այդպիսի մանրամասներ նաև վարույթն իրականացնող մարմին ներկայացնեին: Ի դեպ՝ դեպքից շուրջ մեկ շաբաթ անց դեռ մեկ ձերբակալված կա: Չնայած միջադեպից հետո հրազենային վիրավորումներով, կոտրվածքներով ու մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ, տուժող է ճանաչվել նրանցից միայն փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ Մելքոնյանները ճնշման ազդեցության տակ են հաշտվելու գնացել: Հավելեց՝ սա ոչ թե Քննչական կոմիտեի, այլ Հատուկ քննչական ծառայության քննելու գործն է, ընգծելով՝ բարձրաստիճան ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանքը պետք է պարզվի: Սաքունցի խոսքով՝ մամուլի հրապարակումները բավարար փաստ են, որպեսզի Լեռնիկ Երանոսյանից բացի տուժող ճանաչվեն նաև նրանք, ովքեր տարբեր վնասվածքներով ու վիրավորումներով հիվանդանոց էին տեղափոխվել: - «Երբ որ Քննչական կոմիտեն է զբաղվում գործով, հարցը տեղափոխելով դեպի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման դաշտը, որովհետև նա իրավասություն չունի ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններով քննություն վարելու, ակնհայտորեն և գիտակցաբար կոծկվում է ոստիկանության բարձրաստիճան աշխատողների կողմից ապօրինությունների հանգամանքը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպանը:
Հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ավելի վաղ պատմել էր, որ տեղի ունեցածի պատճառը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքին իրենց մասնակցելն է: Ընդդիմադիր դաշինքը նույնպես հայտարարել էր, թե դա իրենց համակիրների դեմ ուղղված քայլ է: Այսօր Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչև իրեն բերման ենթարկելը Լեռնիկ Երանոսյանն իր ցուցմունքը հետ կվերցնի ու վերջնականապես կհաշտվեն․ - «Սաղ գյուղը չգիտես ինչ վիճակի մեջա, էսի կայնացնելը շատ կարևորա, որ գյուղը կարենա ապրի իրա նորմալ կյանքով: Երևի Լեռնիկ Երանոսյանը ցուցմունքը հետ կվերցնի, էլ տուժող չի լինի»:
Հաջորդ վիճաբանության մյուս անդամները՝ Հակոբ, Արայիկ ու Մելիք Մելքոնյանները ստացել էին հրազենային վնասվածքներ ու կոտրվածքներ, սալջարդեր ու կտրող-ծակող գործիքից վիրավորումներ: Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Թեև «Նաիրի» ԲԿ-ից փոխանցեցին, որ Լեռնիկ Երանոսյանը դեռ հիվանդանոցում է ու վիճակը գնահատվում է բավարար, Մանվել Մելքոնյանն ասաց՝ այսօր սպասում են նրա դուրս գրմանը: Լեռնիկ Երանոսյանը գլխի վնասվածք էր ստացել: