Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ՀՀԿ-ին ընտրելու դեպքում, մարդիկ ավելի բավարարված կլինեն


Վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզում, 17-ը մարտի, 2017 թ․
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզում, 17-ը մարտի, 2017 թ․

Հանրապետականն այսօր քարոզչություն իրականացրեց Գեղարքունիքի մարզում:

«Ապրիլի 3-ից հետո հեշտ կյանք չեմ խոստանում»: Այսօր այս մասին մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա, սակայն, վստահեցրեց՝ Հանրապետականին քվե տալու դեպքում մարդիկ իրենց ավելի բավարարված կզգան:

Հանրապետականն այսօր իր քարոզչությունն իրականացնում էր Գեղարքունիքի մարզում․ վարչապետն այցելեց Սևան, Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքաներն ու հարակից գյուղերը: Նրան մշակույթի և արդարադատության նախարարներն էին ուղեկցում, ինչպես նաև կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության այլ թեկնածուներ:

«Շատ ենք նեղված, հիասթափված, բայց օբյեկտիվ պատճառներով»,- հանդիպումներից մեկի ընթացքում ասաց վարչապետը, վստահեցնելով, թե համախմբված աշխատանքի դեպքում «չնաշխարհիկ երկիր ենք ունենալու»: Ներկայացնելով կուսակցության ծրագրային թեզները, նա շեշտեց՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա բեռ վերցնի և փոխվի:

Գավառում Վարչապետն ասաց, թե իրենք ոչ միայն գեղեցիկ խոսում են, այլ նաև գործում: Նա թվեր ներկայացրեց: Ըստ այդմ՝ վերջին ամիսներին 16 տոկոսով աճել է արդյունաբերությունը, 35 տոկոսով էլ արտահանումը: Կարապետյանը նաև հիշեցրեց, որ նվազել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները:

Մարզի բնակիչները հիմնականում սոցիալական ծանր դրության մասին էին խոսում ու վարչապետին հարց տալիս՝ ինչպե՞ս անեն, որ արտագնա աշխատանքի չմեկնեն: Կարապետյանը պատասխանեց․ լուծումը մեկն է՝ բոլորը պետք է լծվեն աշխատանքի, որ տնտեսությունը զարգանա:

Ըստ Կարեն Կարապետյանի, առաջիկայում 3,2 միլիարդ դոլարի ներդրումներ են սպասվում: Ներդրողները, սակայն, «սպասում են ապրիլի 3-ին»: Մարզի բնակիչներին էլ Կարապետյանը խորհուրդ տվեց «թասիբի ընկնել և քվեախցիկ մտնելու ժամանակ մտածել, թե ում են ցանկանում վստահել Հայաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG