«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող բռնության փաստերի առնչությամբ:
«Մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բռնարարքներով։ Մասնավորապես, վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, օգտագործվել է սառը զենք, հնչել են կրակոցներ: Արդյունքում՝ չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
Ընդդիմախոսների ծեծը կազմակերպելու գործում հայտնի և դրանից հետո անպատիժ մնացած փոխոստիկանապետ Լյվա Երանոսյանի և իր եղբոր՝ ոստիկանության բարձրաստիճան սպա Լեռնիկ Երանոսյանի հասցեին հնչող և տեսանյութերով հիմնավորվող մեղադրանքները կրկին ապացուցում են, որ անպատիժ հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ:
Մի այլ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ համայնքում, որտեղ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող այսօրինակ դեպքերով, ինչը արդյունք է իրավապահ մարմինների՝ իրավիճակին ոչ համարժեք արձագանքի: Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին՝ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել հետաքննություն և պատժել մեղավորներին: Այսօրինակ միջադեպերի հնարավոր արագ բացահայտումը անհրաժեշտէ՝ ապահովելու համար նախընտրական քարոզարշավի օրինականությունը և բոլոր մասնակիցների միջև հավասարությունը»,- նշցած է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախըտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: