Մատչելիության հղումներ

«Իշխանությանը մնացել է երկու շաբաթ». ՕՐՕ-ն ընդդիմադիրներին առաջարկում է համագործակցության հուշագիր ստորագրել


ՕՐՕ դաշինքի առաջնորդները
ՕՐՕ դաշինքի առաջնորդները

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը խորհրդարանում հայտնվելուց հետո ընդդիմադիր բոլոր ուժերին առաջարկում է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել՝ բացառելով դրանում իշխող Հանրապետականի (ՀՀԿ) ներգրավումը:

«Հանրապետականի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը», - այսօր տարածած հայտարարության մեջ նշում է ՕՐՕ դաշինքը՝ շեշտելով, թե Հանրապետականի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք:

Այս ամենը հաշվի առնելով՝ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն առաջարկում է մինչև ընտրությունները միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր:

Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյան

Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ, հաշվի առնելով հասարակության տրամադրությունները, իրենք առաջարկում են քաղաքական ուժերին այսօրվանից պայմանավորվել, որ ընտրություններից հետո որևէ մեկը Հանրապետականի հետ իշխանություն չի կազմի՝ այդպիսով զրկելով իշխող ուժին կրկին իշխանության գալու հնարավորությունից:

«Բոլորին սա վերաբերվում է: Եվ ես կարծում եմ, ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ այս տարիների ընթացքում, կոալիցիայի մեջ է եղել, չի եղել, իրենք ընդամենը, ցավոք սրտի, կցորդ են եղել, որոշող չեն եղել: Եվ հենց դա էլ են միշտ ասել՝ մենք իշխանության մեջ լինելով, որոշում կայացնող չենք: Հիմա եկել է ժամանակը, որ բոլորով միասին որոշում կայացնող դառնանք և երկիրը այս ճգնաժամային վիճակից դուրս բերենք: Եթե չստորագրեն, ընդամենը մի բան կարող է ցույց տալ, որ իրենք հետագայում չեն կարող բացառել Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը», - հավելեց Մարտիրոսյանը:

Արձագանքելով այս առաջարկին՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո երբևէ մաս չի կազմի որևէ կոալիցիայի, որտեղ կլինի Հանրապետական կուսակցությունը։

«Մեկ ուժի, այն է՝ Հանրապետական կուսակցության հետ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ բացառում է հետընտրական որևէ համագործակցություն որևէ ձևաչափով, և այդ մասին երևի թե օրը հարյուր անգամ հայտարարում եմ ես, և այդ մասին հայտարարել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ ինքն իր անունն ու պատիվը չի վաճառում», - ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու՝ «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան»ՕՐՕ դաշինքի առաջարկին, ապա Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենք այդ հարցը դեռևս չեն քննարկվել։ Ամեն դեպքում, ըստ Զոհրաբյանի, այդ հարցին անդրադառնալը իմաստ կունենա այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ընդդիմադիր դաշտի որ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:

Զոհրաբյանը շեշտեց, որ, բացի Հանրապետականից, մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ են քննարկել համագործակցության ցանկացած ձևաչափ:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դաշինքի քաղաքական խորհուրդը կքննարկի Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի առաջարկը, սակայն այն խիստ տեսական և քիչ հնարավոր է համարում։

«Այսինքն՝ ես համարում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը համապատասխան իրավիճակում եթե այդպիսի խնդիր առաջանա, միանշանակ կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ, ոչ թե մյուս այլ ուժերի հետ։ Ես նկատի ունեմ նաև Դաշնակցությանը, որ կվարվի այդպես, ես նկատի ունեմ «Հայկական վերածնունդին»: Հետևաբար այս թեման այնքան տեսական է․․․ Ես բացառում եմ, որ Հայաստանում մեծահարուստ մարդը լինի ընդդիմություն: Դա անհնարին է: Նույնիսկ կաթի մթերման կոմբինատը, եթե Հանրապետականին չի պաշտպանում, չի կարող իր գործունեությունը ծավալել, ուր մնաց էդքան սեփականություն ունեցող մարդը կարողանա լինել ընդդիմություն: Ես այն կարծիքին եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտել է քաղաքական դաշտ՝ մեր քվեները տանելու, ոչ թե Հանրապետականի», - ասաց Սարգսյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեռևս անցած տարվա ելույթներից մեկում հնչեցրած խոսքերը՝ ՀԱԿ-ը որևէ պարագայում կոալիցիա չի կազմի Հանրապետականի հետ»:

Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ հուշագիր ստորագրելու՝ «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի առաջարկին, ապա, ըստ Զուրաբյանի, դա վաղաժամ է․ - «Մնացած ուժերի հետ ինչ ենք անելու կամ չենք անելու, ես կարծում եմ, էս խոսակցությունները նախօրոք անիմաստ են: Առավել ևս, որ դեռ պարզ էլ չի, թե որ քաղաքական ուժը իրենից ինչ է ներկայացնում, ինչով է զբաղված:Ես հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց ես համարում եմ, որ ընտրակաշառքի բաժանումը պիտի արգելվի ոչ միայն Հանրապետական կուսակցության համար: Ցանկացած կուսակցություն, անունը Հանրապետական է թե ոչ, եթե զբաղվում է ընտրակաշառքների բաժանմամ, դա մեր ազգի թշնամին է: Էդ կուսակցությունը իշխանության մաս է կազմում իրականում, որովհետև ոչ ոք չի կարող ընտրակաշառք բաժանել, եթե այդ բաժանմանը չեն հովանավորում իրավապահ մարմինները: Ես էլ չեմ ուզում հիմա դատախազի դեր ստանձնել․ թող ընտրությունները անցնեն, տեսնենք ով իրեն ոնց է պահել, ինչքանով ճիշտ են բոլոր այս տեղեկությունները, ով է կաշառք բաժանել, ոչ չի բաժանել, ով ինչ մեթոդներ է կիրառել՝ օրինական, ոչ-օրինական․․․ այդ ամեն ինչը, պատկերը պարզ կլինի, հետո կխոսենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG