Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները. Մարկ Թոներ


ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները, արխիվ:
ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները, արխիվ:

Միացյալ Նահանգները երեկ տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցումը: ԱՄՆ-ը այդ հայտարարությունն ընդունել է Ղրիմի բռնակցման «հանրաքվեի» երրորդ տարվա կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի հետ վերամիավորվելու հարցով 2014 թվականի մարտի 16-ին անցկացված «հանրաքվեի» արդյունքները, չի ճանաչում բռնակցումը և դատապարտում է Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի շարունակվող ոտնահարումը», - երեկ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները` ընդգծելով. - «Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Ըստ ամերիկացի քաղաքական վերլուծաբանների, այդպես Վաշինգտոնը կոշտ դիրքորոշում է դրսևորում, չնայած նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի հնչեցրած պնդումներին Ռուսաստանի հետ կապերը բարելավելու մտադրության և որոշակի հանգամանքներում նույնիսկ Ղրիմի բռնակցման ճանաչումը քննարկելու պատրաստակամության մասին:

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին, հրապարակավ դատապարտել են Ղրիմի բռնակցումը:

«Ղրիմի հարցով մեր սահմանած պատժամիջոցները մնում են ուժի մեջ մինչև Ղրիմի բռնակցման ավարտը», - երեկ ասել է Թոները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ Մոսկվան որևէ պարագայում մտադիր չէ քննարկել Ղրիմի վերադարձը:

Մինչդեռ, ռուսաստանցիների 78 տոկոսը համոզված է, որ Ղրիմի գրավումը ճիշտ քայլ էր, և այն օգուտ է բերել Դաշնությանը: Այդ մասին են վկայում Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Դա Ղրիմի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը ժողովրդի աջակցության ամենաբարձր ցուցանիշն է: Անցյալ տարի Ղրիմի բռնակցումը ողջունել է հարցվածների 60 տոկոսը, 2015-ին՝ 69 տոկոսը, իսկ բռնակցման տարում՝ 2014-ին, այդ քայլը ողջունել է ռուսաստանցիների 75 տոկոսը:

Հարցվածների 89 տոկոսը համոզված է, որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ շահավետ է Ղրիմի բնակչության համար:

Ըստ վերջին հարցման արդյունքների, ռուսաստանցիների գերիշխող մեծամասնությունը՝ 97 տոկոսը, Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս:

Այս տարվա հունվարին հետազոտական մեկ այլ հաստատության՝ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների համար պատմական ձեռքբերումների առումով Ղրիմի միացումն ավելի կարևոր է, քան տիեզերքի նվաճումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG