Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նաև ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու նպատակն ուներ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակն ուներ, և պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին, կարծում է քաղաքագետ, «Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«Իշխանություններին դա պետք էր, որ ցույց տան մեր հասարակությանը, որ Ռուսաստանի հետ կարծես թե նորմալ աշխատում են։ Ու եթե դուք նկատել եք, այս համատեղ հայտարարության մեջ՝ Սերժ Սարգսյան-Պուտին, ոչ մի բացասական բառեր չկան մեզ համար, ու առաջին հերթին Ղարաբաղի կոնտեքստով», - ասաց Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը, Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում քննադատեց ՀԱՊԿ-ը՝ շեշտելով, որ պայմանագրերը պետք է լիարժեքորեն կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից։

Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ Սարգսյանը հարցը չբարձրացրեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ, սակայն, անուղղակիորեն հասկացրեց, որ Հայաստանը դժգոհ է։ «Դրանով Հայաստանը ցույց է տալիս, որ նեղացած է։ Գիտեք՝ մեր հերթն է, որ Հայաստանի գեներալը դառնա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, բայց չի ստացվում անցկացնել ու այստեղ մեր մեսիջն է, որ մենք դժգոհ ենք դրանից», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետն ուշագրավ է համարում, որ գրեթե նույն օրերին Հայաստանի և Ադրբեջան նախագահները հանդիպում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ: Այդ հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունները, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս, որ Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերի դիրքորոշումները չեն փոխվել և տրամագծորեն հակառակ են:

«Այս նախաձեռնությունները՝ Ֆրանսիայի նախագահի, Ռուսաստանի, ինչին էին միտված, որ, ի վերջո, նստեն սկսեն, վերսկսեն բանակցությունները, բայց այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ ոչ մի բան չի փոխվել՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշման մեջ։ Սառեցված է պրոցեսը Մինսկի խմբի շրջանակներում, ուրեմն մենք պետք է մեկ բան հասկանանք, որ ցանկացած պահին Ադրբեջանը կարող է գնալ ավանտյուրաների, չպետք է ուշադրությունը թուլացնենք», - ասաց քաղաքագետը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների այս հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ նպատակ ունեն որոշակի նախադրյալներ ստեղծել՝ հնարավոր բանակցային գործընթացը վերսկսելու համար: Դրա համար անհրաժեշտ է անցած տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ վստահության մեխանիզմների ներդրումը, ինչին, սակայն, դեմ է Ադրբեջանը:

«Այս պահին և բավականին տեսանելի ապագայում փակուղային է այն մասը, որը վերաբերում է ինչ-որ լուրջ առաջընթաց քաղաքական պայմանավորվածությունների մակարդակով ձեռք բերելու առումով, բայց դրա հետ մեկտեղ, այս բոլոր փորձերը և այս պահին համոզված եմ, որ կշարունակվեն, ուղղված են ավելի շատ նույնիսկ ձևականորեն բանակցային գործընթացի իմիտացիա ստեղծելով՝ դրանով նպաստել փխրուն հրադադարի ռեժիմի պահպանմանը», - ասաց Մինասյանը։

Քաղաքագետը կարծում է, որ թե՛ Փարիզում, թե՛ Մոսկվայում հնչած հայտարարությունները հիմնականում բխում են Հայաստանի շահերից:

«Եվ' հայտարարությունները, և' այն շեշտադրումները, որոնք արվել են գրեթե լիովին բխում են հայկական կողմի շահերից այն տեսանկյունից, որ մենք կարող ենք ասել, որ կա կոնսենսուս այդ վստահության մեխանիզմների ներդրման առումով, այլ բան է, որ, ցավոք սրտի, ես կարծում եմ, որ դա բավարար չէ, բավարար չէ Ադրբեջանի վրա այն ծավալի քաղաքական և դիվանագիտական ճնշում իրագործել, որ Ադրբեջանն ընդունի կամ գոնե ձևական ինչ-որ քայլեր անի այդ առումով։ Հետևաբար դա բխում է, բայց բավարար չէ», - ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը որոշ առումներով նաև առաջիկա ընտրությունների հետ կարող էր առնչություն ունենալ, Սերգեյ Մինասյանն այսպես արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ իրականում այսպես իշխող Հանրապետական կուսակցությունը այս նախընտրական կամպանիայից ելնելով ինչ-որ չափից ավելի կարիք ուներ նմանատիպ ինչ-որ արձագանքի Մոսկվայից, բայց այն, որ առնվազն ժամկետները կարող էին հարմարեցված լինեին, դա կարծում եմ, որ ակնհայտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG