Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կրկին փակուղի է մտել


Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Նախօրեին պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն, ինչպես հաղորդում է «Ակօս» թերթը, ընտրությունների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց պարտված թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, որի համաձայն` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:

Ստամբուլում տպագրվող պարբերականը գրում է․ - «Փաստորեն, թուրքական պատկան մարմինները, հայտնելով, թե չեն ընդունում նոր պատրիարքի ընտրության գործընթացում առաջին քայլը համարվող տեղապահի ընտրությունը, փորձում են միջամտել հայ համայնքի ներքին գործերին»:

Պատրիարքի ընտրությունները նախապատրաստելու համար ձևավորվելիք նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեպուհ Ասլանգիլը «Ակօս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե նահանգապետարանը իրավասու չէ միջամտել ընտրական գործընթացին:

«Այդ գրությունը ամբողջությամբ անօրինական է: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը միայն հայկական համայնքին է պատկանում», - ասել է Ասլանգիլը:

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները ևս արձագանքել են երեկ տեղի ունեցած սկանդալային զարգացումներին: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը «Ակօս»-ին փոխանցել են իրենց վրդովմունքը` հայտնելով, որ պատրիարքի ընտրության գործընթացին պետական միջամտությունը անընդունելի և անօրինական է:

Ստեղծված խառնաշփոթը բողոքի ալիք ու բազմաթիվ հարցեր է բարձրացել հայ համայնքում: Ստամբուլահայերը տարակուսած են․ եթե պետությունը չէր ընդունելու տեղապահի ընտրությունը, ապա ինչո՞ւ ավելի շուտ չի հայտնել իր դիրքորոշման մասին:

Ուշագրավ ևս մի հանգամանք. տեղապահի ընտրության նպատակով պատրիարքարանում հրավիրված ժողովը մեկնարկել է ժամը 15-ին, իսկ նշյալ գրությունը, «Ակօս»-ի հաղորդմամբ, նահանգապետարանից ստացվել է 13:47-ին, այսինքն՝ քվեարկությունից առաջ: Սակայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ ինքը պարտվել է:

Նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ մոտ օրերս Արամ Աթեշյանը, հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը և այլ հոգևորականներ այցելելու են Ստամբուլի նահանգապետարան՝ պարզաբանելու այս խնդիրը, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին:

Արքեպիսկոպոս Բեքչյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը համոզված են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը Արամ Աթեշյանի հրաժարականն է: Միայն այդ պարագայում ընտրված տեղապահը կարող է ստանձնել իր լիազորությունները և սկսել նոր պատրիարքի ընտրության նախապատրաստման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG