Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտահոգված է Ջրառատի դեպքերով և ակնկալում է իրավապահների համարժեք գործողությունները


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Եվրամիությունը մտահոգված է նախընտրական շրջանում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում արձանագրված բռնության դեպքերով և իրավապահներից համարժեք գործողություններ է ակնկալում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Իհարկե, մենք շատ մտահոգված և անհանգստացած ենք, քանի որ, ինչպես ականատես ենք եղել այլ երկրներում, բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ: Երբ դու համարժեք չես պատասխանում բռնության առաջին դեպքերին, հետո կարող ես ունենալ շատ վատ իրադրություն, որը դժվար կլինի վերահսկել», - ընդգծեց ԵՄ դեսպանը:

Ջրառատում ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում արդեն երկու անգամ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կրկնությունը կարող է բացառվել միայն իրավապահների համարժեք գործողությունների արդյունքում, ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ընդգծելով, որ իրենք հետևում են ոստիկանության գործողություններին:

«Ես հույս ունեմ, որ ոստիկանությունը կանի իր աշխատանքը, քանի որ նրանք են պատասխանատու՝ կանխելու հետագա բռնությունները: Մինչ այժմ հրապարակումները բռնության առանձին ցավալի դեպքերի մասին են, և մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ այս քարոզչության ընթացքում նոր բռնություններ չեն լինի՝ անկախ առկա զգացմունքային վիճակից», - ասաց Սվիտալսկին:

Եվրամիությունը ապրիլյան ընտրությունների թափանցիկ անցկացման համար տրամադրել է 7 միլիոն եվրո և ակնկալում է լավ ընտրություններ, նշեց դեսպան Սվիտալսկին, ընդգծելով՝ Եվրամիությունը նախկինում երբեք այսքան ուշադրություն չի դարձրել հայաստանյան նախընտրական քարոզարշավին:

Եվրամիության ներկայացուցիչը նաև հայաստանցի ընտրողներին ուղղված հինգ ուղերձներ ներկայացրեց: Դրանցից առաջինով Սվիտալսկին կոչ արեց գնալ և մասնակցել ընտրություններին՝ անկախ նախկինում ունեցած ոչ հուսադրող փորձից․ - «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ձեր ձայնը հաշվվի, այսպիսով՝ գնացե՛ք և ընտրե՛ք»:

Դիմելով ընտրողներին՝ դեսպանը վստահեցրեց նաև, որ քվեարկությունը գաղտնի է լինելու, և ո՛չ իրենց աջակցությամբ տեղադրված տեսախցիկները, ո՛չ էլ էլեկտրոնային գրանցման սարքերը չեն բացահայտելու քաղաքացիների ընտրությունը:

Սվիտալսկին իր երրորդ կոչով ընտրողներին հորդորեց չվաճառել քվեն․ - «Ձայնի դիմաց ձեզ հնարավոր է առաջարկեն գումար կամ ծառայություններ, ես հույս ունեմ, որ հայաստանցիները կմերժեն նման առաջարկները: Չկա որևէ գումար, որն արժե ձեր քվեն, մի՛ վաճառեք ձեր ձայնը»:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը նաև կոչ արեց ընտրողներին լինել խիզախ ու չտրվել ճնշումներին, իսկ խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել իրավապահներին, նույնիսկ եթե նրանց հանդեպ չկա վստահություն:

«Մենք՝ որպես Եվրամիություն, հավատում ենք, որ եթե այս ուղերձները տեղ հասնեն, եթե մենք միասին լինենք, ապա կլինի մեծ քայլ առաջ Հայաստանի ժողովրդարացման ուղղությամբ», - հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը վստահեցրեց՝ ընտրությունների լավ անցկացման դեպքում Եվրամիությունը Հայաստանում կիրականացնի ավելի շատ ծրագրեր՝ տրամադրելով ավելի շատ ֆինանսական միջոցներ:

Շուրջ մեկ ամիս առաջ Բրյուսելում հայտարարվեց, որ ավարտվել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստանի և Եվրամիության բանակցությունները: Համաձայնագրի ստորագրումն, այդուհանդերձ, հավանաբար տեղի կունենա միայն ապրիլյան ընտրություններից հետո: Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր ասաց, որ մինչև ստորագրումը պետք է տեխնիկական աշխատանք տարվի, ինչը ժամանակ է պահանջում․ - «Դա կարող է ամիսներ տևել, ես հիմա չեմ կարող հստակ ասել ստորագրման օրը, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների ավարտից մինչև ստորագրումը կարող է շատ երկար ժամանակ պահանջվել, Ղազախստանի դեպքում դա տևեց ավելին քան մեկ տարի»:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Սվիտալսկին վստահեցրեց, որ համաձայնագրի ստորագրումն ու ապրիլյան ընտրությունների արդյունքները փոխկապակցված չեն: «Բայց, իհարկե, համաձայնագրի իրականացման միջավայրը կախված կլինի նրանից, թե ինչպես են Հայաստանում իրականացվում դեմոկրատական գործընթացներն ու տնտեսական բարեփոխումները: Որքան ավելի շատ եվրոպական բարեփոխումներ, ավելի շատ ժողովրդավարացում ու տնտեսական ազատություն լինի Հայաստանում, այնքան ավելի լավ միջավայրը կլինի մեր համագործակցության համար», - հայտարարեց նա:

Եվրամիության ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմը որոշ եվրոպացի դիտորդների չի հրավիրել հետևելու ապրիլյան ընտրություններին, և եզրափակեց՝ դա լավ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG