«Ելքի» դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք համայնքում, այն բանից հետո, երբ ընդդիմադիրները նկատել են, որ մարզադպրոցի ներսում տեղադրված է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արթուր Մամոյանի պաստառը, և փորձելով մտնել մարզադպրոց հանդիպել են արգելքի:
«Այդ ամբողջ միջադեպը կառուցվեց նրա շուրջ, որ լրագրողները և մեր վստահված անձինք փորձում էին վիդեոյով և ֆոտոյով ֆիքսել այդ փաստը, իսկ մարզադպրոցի աշխատողները այդ պաստառը տարան և փորձում էին էդ պաստառը թաքցնել», - ասաց Փաշինյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելվում է քարոզչական պաստառների տեղադրումը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, ինչպես նաև հանրակրթական դպրոցների վրա կամ դրանց ներսում: Արգելվում է նաև քարոզչությունը ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների կողմից` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Փաշինյանն «Ազատությանը» պատմեց, որ միջադեպից հետո «Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածուն սպորտդպրոցի աշխատակիցների անունից ներողություն է խնդրել իրենցից․ - «Հետո Արթուր Մամոյանը ինձ մոտեցավ, մենք զրույց ունեցանք․․․ ասաց, որ ցավում է, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել: Ասաց, որ այդ պաստառը կհեռացնեն այդտեղից, և քարոզչություն չի իրականացվի»:
«Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածուի պաստառի հետ կապված միջադեպից հետո «Ելք» դաշինքն այսօր քարոզչություն իրականացրեց գործարար Գագիկ Ծառուկյանի հայրենի Կոտայքի մարզում: Փաշինյանի Աբովյան քաղաքի բնակչներին համոզում էր, որ ստեղծված վիճակից ելք կա․ - «Դուք կարող եք օգտվել ելքի այդ հնարավորությունից՝ ընտրական տեղամասեր գնալով և «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով»:
«Ելք» դաշինքից Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում պայքարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Ազատության» հետ զրույցում նա վստահեցրեց, որ պատրաստ է պայքարել ինչպես «Ծառուկյան դաշինքի», այնպես էլ մյուս ուժերի ներկայացուցիչների դեմ․ - «Ես զինվոր եմ եղել ազգի, պայքարել եմ, պայքարում եմ ու կպայքարեմ մինչև իշխանափոխություն լինի, մինչև կարգ ու կանոն լինի, էս իշխանության ձևավորած կեղտոտ բարքերը վերանան»:
Աբովյանում «Ելքի» քայլերթի ընթացքում «Ազատությանը» հանդիպած քաղաքացիները, հիմնականում հույս չունեին, որ ընդդիմադիրները կարող են հաջողության հասնել:
«Ես ո՛չ իշխանությանն եմ հավատում, ո՛չ խոսացողներին եմ հավատում: Երբ որ ժողովրդի վիճակը կբարելավվի, մեր աչքով կտեսնենք, նոր կհավատանք: Սուտ երդումներ են տալիս, մինչև կընտրվեն: Իրանց աթոռներին կտիրանան ու ժողովրդին նորից կմոռանան», - ասաց մի կին:
«Հայաստանում հիմի գործում ա թալանի կուսակցություն», - վրդովված հավելեց մի տղամարդ: