Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն բազմիցս չարաշահել է վարչական ռեսուրսը․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»


Վարուժան Հոկտանյան, արխիվ
Վարուժան Հոկտանյան, արխիվ

Ըստ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրության, ընտրակաշառքներ են բաժանում նաև որոշ ոչ իշխանական համարվող ուժեր:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչ այսօր վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությունն է չարաշահումներ թույլ տվել։

«Տարածքային և տեղամասային ընտարական հանձնաժողովների անդամների մասնակցություն քարոզարշավին, 10 այդպիսի դեպք է գրանցվել, երբ պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներն իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են կամ շտաբերի աշխատանքներին կամ միջոցառումներին: Ուսումնական հաստատությունների, մանկավարժական կազմի աշխատողների մասնակցություն, 6 այդպիսի դեպք ֆիքսվել է լրատվամիջոցների և դիտարկողների կողմից:

Եղել է 13 դեպք, երբ խոչընդոտներ են եղել ոչ իշխանական ուժերին շտաբերի տրամադրման կամ միջոցառումներ կազմակերպելու հարցում: Սա նույնպես վարչական ռեսուրսի չարաշահում է: Իշխող կուսակցության նախընտրական շտաբերի տեղակայում պետական կամ համայնքային մարմիններում, մեր մոնիտորները գրանցել են 2 այդպիսի դեպք: Նաև՝ այլ նպաստներ հոդվածով դուրս են գրել գումարներ և բաժանել անապահովներին»,- թվարկեց ԹԻ կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրա ներկայացմամբ, եղել են ուղղակի և անուղղակի չարաշահումներ, այդ թվում՝ ինչպես պետական միջոցները որպես ընտրակաշառք տրամադրելը, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների վրա ճնշումներ գործադրելը։ Ըստ կատարված ուսումնասիրության, վարչական ռեսուրսը չարաշահել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Առավել հայտնի դեպքը, եթե հիշում եք, Սյունիքում վարչապետի մասնակցությունն էր: ԿԸՀ-ն պարզաբանումով հանդես եկավ, բայց միջազգային մեթոդաբանությամբ, չափանիշներով, դա վարչական ռեսուրսի խախտում կարող է դիտարկվել»,- ասաց ԹԻ կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

Չարաշահումերից բացի, ԹԻՀԿ-ն արձանագրել է նաև այլ խախտումներ, որոնք թույլ են տվել նաև ոչ իշխանական ուժերը։ Ըստ Հոկտանյանի, Հանրապետականից բացի, ընտրակաշառնքեր են բաժանել նաև «Ծառուկյան դաշինքը», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, խոսակցություններ կան նաև ՕՐՕ դաշինքի հետ կապված:

«Ծառուկյան դաշինքի» անդամ Դավիթ Որսկանյանը Վարուժան Հոկտանյանից պահանջեց ներկայացնել փաստեր։ Վերջինս խոստացավ դրանք հրապարակել ավելի ուշ։

ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնը ուսումնասիրել է նաև Ոստիկանության հրապարակած ընտրացուցակները՝ հայտնաբերելով անճշտություններ։

«Քանի որ Հայաստանից դուրս գտնվողներ էլ կան, որոնք արտագաղթել են բարձր տարիքում, չի բացառվում, որ նրանք այլևս կենդանի չեն, բայց ցուցակում կան: Մյուսը՝ ըստ հասցեների․ ընտրողներ՝ առանց հասցեի և բնակարանի տվյալների, կամ ընտրողներ, որոնց ծննդյան օրը կամ ամսաթիվը չկա»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG