Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ Գայֆեջյանը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից՝ տեսանյութերից մեկում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ կատարելու համար:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, հաղորդավարը ներողություն խնդրելու՝ վճռով սահմանված տեքստը պետք է ձայնագրի և տեսանյութը տեղադրի SOS TV-ի youtube.com-յան էջում, կամ 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որևէ կայքում:
Ոստիկաններից յուրաքանչյուրին 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջը դատարանն այսօր մերժեց։
Երգիծական հաղորդման հաղորդավարը հայտարարեց, որ ներողություն չի պատրաստվում խնդրել և վճիռը բողոքարկելու է։
SOS TV-ի վիճարկվող հաղորդումը, հիշեցնենք, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանների՝ բռնի ուժով Բաղրամյան պողոտայում մի մայթից մյուսը տեղափոխելուն։ Այս իրադարձությունը SOS TV-ի եթերում մեկնաբանել էր Գայֆեջյանը։