Մատչելիության հղումներ

Վարչապետը տեղյակ չէր Ջրառատի կրակոցներից


Հայաստան -- Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է լրագրողների և ընտրողների հարցերին, Երևան, 13-ը մարտի, 2017թ․
Հայաստան -- Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է լրագրողների և ընտրողների հարցերին, Երևան, 13-ը մարտի, 2017թ․

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Ավան այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ամբիցիոզ, բայց իրատեսական ծրագիր են ներկայացրել և առաջարկեց ընտրողներին հարցեր ուղղել իրեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող Հանրապետականի կարգախոսն է՝ «Անվտանգություն և առաջընթաց», «Ազատությունը» փորձեց Կարեն Կարապետյանից պարզել, թե ինչպե՞ս է գնահատում, երբ ընտրություններին ընդառաջ՝ հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում, մասնավորապես Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կրակոցներ են հնչում, որտեղ նաև ներգրավված են Հանրապետականի համակիրներն ու կողմնակիցները:

Վարչապետը նախ հայտարարեց, թե տեղյակ չէ Ջրառատի միջադեպից: «Ազատության» պարզաբանմանը, թե նախօրեին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամների և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև ատրճանակի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել, Կարեն Կարապետյանը արձագանքեց․ - «Վերաբերվում եմ շատ վատ․ դա նախընտրական փուլում է, հետընտրական փուլում է կամ այլ փուլում է՝ շատ վատ եմ վերաբերվում: Ես շատ հպարտանում եմ և ուրախանում եմ, երբ լսում եմ, որ Երևան քաղաքը մտել է ամենաանվտանգ քաղաքների մեջ և դա բոլորիս նպատակն է»:

Վարչապետը հայտարարեց, որ Հանրապետականի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ խոսում են նման խնդիրների մասին: - «Ավելին, եթե հիշում եք՝ նախընտրական քարոզարշավը բացելիս իմ խոսքի մեջ ես հորդորել և կոչ եմ արել, որ մենք այս ընտրությունների ժամանակ ցույց տանք նոր մշակույթ՝ ավելի հանդուրժողական և որ մեր մրցակցությունը լինի գաղափարական․ փորձենք պիտակ չկպցնենք, չսևացնենք և այլն: Այդ իսկ պատճառով, ես իրականում չգիտեմ ինչ է կատարվել, բայց վերաբերվում եմ [քարոզարշավի ընթացքում միջադեպերին] շատ վատ: Բացարձակ վատ», - հավելեց Կարեն Կարապետյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ դա արդյոք նշանակում է, որ մեղավորները նկատողություններ կստանան, վարչապետը պատասխանեց․ - « Լսե՛ք, մենք ուզում ենք կառուցել օրենքի երկիր, ճի՞շտ է: Ոստիկանությունը, քննչական մարմինները ճիշտ է՝ կառավարությանը առընթեր են, բայց իրենք գործում են իրենց կանոններով: Հետևաբար՝ ես, որպես վարչապետ, շահագրգռվա՞ծ եմ, որ կամայական հանցագործությունը բացվի՝ այո՛: Շահագրգռվա՞ծ եմ, որ այդ հանցագործը պատժվի՝ այո՛: Կապ ունի՞ պատժամիջոցը իր կուսակցական պատկանելությունից, մաշկի գույնից և այլն՝ ոչ»:

«Ես նման բան չեմ ասել». վարչապետը «չաշխատող ռազմական տեխնիկայի» մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Ազգային ժողովում բավական ուշագրավ հայտարարություն էր արել, ասելով, որ դիզվառելիքի անորակ լինելու պատճառով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անորակ վառելիքի պատճառով տանկերը տեղ չեն հասել: Վարչապետի հայտարարությունը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, այն պաշտպանության նախկին նախարար, այժմ «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը հերքել էր, թե նման խնդիրներ են եղել: Լրագրողներից մեկի խնդրանքին՝ մեկնաբանել այս իրադրությունը, վարչապետը հստակ պատասխան չտվեց:

«Նախ՝ ես չեմ ասել մարտական գործողություններ են տուժել անորակ դիզվառելիքի հետ կապված», - հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով․ - «Ինչ որ ասել եմ՝ հիմա էլ եմ կրկնում․ այո՛, Հայաստանի Հանրապետություն մտնում էր անորակ․․․ նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ ուրիշ վառելիք, որը դիզվառելիքի հետ խառնվելու ժամանակ, հայտնում են, որ տեխնիկան չէր աշխատում։ Եվ այդ իսկ պատճառով վառելիքի այն հերթական պարտիան, որը մենք կանգնեցրել ենք, դիզվառելիք չէր և հետագայում ցույց տրվեց, որ դա կոչվում է վառարանային վառելիք: 460 տոննա ներ է մուծվել Հայաստան: Հայտարարում եմ, որ այդքան սպառում չունի դա, և մենք թույլ ենք տվել, որ այդ վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ մենք ունենք ոչ կատարյալ նորմատիվ, որը չի սահմանափակում: Բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա: Հետևաբար շատ մեծ տրամաբանություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի, ուրիշ վառելիքի տակ վաճառվի, եթե դրա պահանջարկը չկա: Բայց չունենալով օրինական հիմք դա չթողնելու, համենայնդեպս մենք այս պահին շատ հստակ հետևում ենք, թե այդ վառելիքը ուր է գնալու: Այդ իսկ պատճառով դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, ինչ որ հայտարարել եմ՝ նորից եմ հայտարարում»:

«Պետք է հարստանանք և այդ ծրագիրը կա»․ վարչապետ

Վարչապետն այնուհետև անցավ ընտրողների հարցերին: Նրան հիմնականում սոցիալական բնույթի հարցեր ուղղվեցին: Այդ հարցերին Կարեն Կարապետյանը մեկ նախադասությամբ էր պատասխանում՝ «ես չեմ սիրում խոստումներ տալ»: Մասնավորապես, հարց հնչեց, թե առաջիկա 2-3 տարիների ընթացքում քանի՞ աշխատատեղ է խոստանում ստեղծել, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, թե խոստում տալու հարցում ժլատ է, ամեն ինչ անելու են, որպեսզի տնտեսությունն ակտիվանա, բիզնեսը աշխուժանա, բայց, ասաց՝ եկեք ես կոնկրետ թվեր չհրապարակեմ: Ընտրողներից մեկն էլ ասաց, թե ուզում է Կարեն Կարապետյանի ոճով հարց ուղղել, ու հարցրեց՝ «ե՞րբ ենք լավ ապրելու»: Վարչապետը այս հարցին ի պատասխան ևս կոնկրետ ժամկետներ կամ խոստումներ չտվեց, այլ ասաց, որ՝ «կարող ենք ֆանտաստիկ երկիր ունենալ, պետք է պարզապես հավատանք մեր ուժերին և թասիբի գցենք ինքներս մեզ»:

«Համարժեքությունը շատ հարաբերական գաղափար է, և մենք ինչքան էլ լավ ապրենք (և վստահ եմ, որ անպայման ծրագիր ենք ներկայացնելու, որ ժամանակ անց և ռեգուլյար զգալու ենք, որ լավ ենք ապրում), միշտ պահանջներն էլ են աճելու: Եվ համաչափության խնդիրը մեկ տարի հետո ուրիշն է լինելու, երկու տարի հետո՝ ուրիշը: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին․ այսինքն՝ աշխատավարձ, թոշակ՝ մենք անդրադառնալու ենք, թե ոչ՝ իհարկե, այո: 2017 թվականի բյուջեն ձևավորելու ժամանակ շատերը մեզ քննադատեցին, որ նման խնդիր չեք դրել, չեք լուծել: Եվ դա ոչ թե նրանից է, որ մենք ցանկություն չունենք, այլ դա նրանից է, որ մենք ռեալ մեր կարողությունները հաշվարկել ենք: Ի՞նչ պետք է անենք՝ պետք է տնտեսությունը զարգացնենք, պետք է հարստանանք, պետք է հավելյալ արժեք ստեղծենք, աշխատատեղ ստեղծենք, բյուջե լցնենք: Եվ այդ ծրագիրը կա», - պարզաբանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG