Թիվ 9 ընտրատարածքում իշխող կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանն աբսուրդ է համարում ընդդիմադիրների կողմից հնչեցված նախընտրական խոստումների իրագործումը մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում: Միաժամանակ իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչը խոստացավ, թե իրենք 2018-ին կապահովեն «արդեն դինամիկ աճ, 19-20 թվականներին՝ թռիչքային աճեր»:
Հիշեցնենք, օրերս «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վանաձորում հայտարարեց, թե մեծամասնություն ունենալու դեպքում մեկ ամսում կիրագործի իր բոլոր նախընտրական խոստումները:
«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավարը սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե որ քաղաքական ուժին նկատի ունի․ - «Այդ նույն մարդիկ, այդ նույն քաղաքական ուժերի մեծ մասը եղել են իշխանության մեջ, այն ժամանակ կարող էին այդ նպատակներն իրականացնել: Եվ նման խոստումներ տալ՝ մի ամսվա, մեկ տարվա ընթացքում նման քայլեր կատարելը անիրական եմ համարում: Որևէ իշխանություն իր երկրի թշնամին չի և չի եղել: Ամեն ինչ պետք է նայել հնարավորության սահմաններում: Այլ խնդիր է, որ այդ հնարավորությունները լավ չենք օգտագործել»:
Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին՝ Բաղդասարյանն ասաց․ - «Եղել են նման նեգատիվ երևույթները, բայց գնալով ավելի պայքարը քաղաքակիրթ է դառնում: Եվ իմ առաքելությունը հիմնականում դա է, որ պետք է հորդորենք մեր բնակչությանը, հանրությանը, որպեսզի զերծ մնա նման գայթակղություններից: Նաև քաղաքական ուժերին, գործիչներին, առանձին թեկնածուներին մենք պետք է հորդորենք, որ պետք է դրսևորեն քաղաքական կամք, որ կարողանանք մենք ձևավորել այնպիսի Ազգային ժողով, որը հարիր կլինի մեր երկրին և մեր պետությանը»:
Բաղդասարյանը հակադարձեց նաև ընդդիմադիրների պնդումներին, թե Հայաստանում վախի մթնոլորտ կա․ - «Ընդհակառակը, թեկնածուները պետք է ժողովրդից վախենան: Օրինակ, ես մտածում եմ, որ ժողովրդին վախացնողը ինքը պետք է վախենա առաջին հերթին ժողովրդից․․․ այդ մթնոլորտ ստեղծողը: Չի կարելի կատակ անել հանրության հետ, ժողովրդի հետ չի կարելի կատակ անել: Ի՞նչ է նշանակում վախի մթնոլորտ: Թող իրենք էլ այդ վախի մթնոլորտում գնան և իրենց խղճի դիմաց կատարեն ճիշտ ընտրություն: Ինձ թվում է, որ վախի մթնոլորտ ստեղծողները որևէ մեկ անգամ հաջողության չեն կարող հասնել»:
Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր Վանաձորում հանդիպեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հետ: Հանդիպմանը ներկայացնում էր, թե ինչպես է աշխատելու նոր Ազգային ժողովը, թե ինչ ծրագրեր է իրականացնելու գործող իշխանությունը՝ դանդաղ տեմպերով, բայց «անվտանգ և արդյունավետ»․ - «Եվ այն մոտեցումները, որոնք որ կան՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների դեմ պայքար, ստվերի դեմ պայքար, դրանք արդեն տեսանելի են, բայց արդյունքները դեռ չկան: Դրա համար գնահատական մեզ չեն տալիս: Այսինքն դանդաղ են արդյունքները, միանգամից նաև վտանգավոր կլինի այդ արդյունքները տեսնելը: Իսկ եթե այս նպատակները, այս ծրագրերը իրականացնում է Կառավարությունը, 18 թվականին կլինի արդեն դինամիկ աճ, 19-20 թվականներին՝ թռիչքային աճեր»:
Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց ծանոթանալ թեկնածուների կենսագրությանը, կատարած աշխատանքներին, այնուհետև ընտրություն կատարել: Ապա ներկայացրեց իշխող ուժի կատարած աշխատանքները և պնդեց, որ իրենք մշտապես համագործակցել են ընդդիմադիրների հետ և ապրիլի 2-ից հետո էլ շարունակելու են միասին աշխատել․ - «Դրա վառ վկայություն նա է, որ մեր խմբակցությունը 70-72 հոգի են, իսկ մեր քվեարկությունները, եթե դուք նայեք, 100 ձայն, 106 ձայն, 90 ձայն․․․ Այսինքն առանց համագործակցության այդ ձայները չի կարող լինել»: