Մատչելիության հղումներ

Անցյալ տարի կարկուտից տուժած գյուղացիները այդպես էլ փոխհատուցում չեն ստացել


Նախորդ տարվա ամռանը տեղացած ավերիչ կարկուտից կես տարուց ավելի է անցել, Այգեշատի գյուղացիները, սակայն փոխհատուցում այդպես էլ չեն ստացել։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հողատարածքների բերքից բացի, կարկուտի հարվածներին չէին դիմացել գյուղի ջերմոցները։ Ջերմոցում ծաղիկներ աճեցնող Արմեն Սարգսյանը պատմում է, որ մի քանի րոպե տեղացած կարկուտի պատճառով զրկվել է ամբողջ տարվա եկամուտից։

«Նոր նստել էր բերքի, որ նոր պիտի սկսեինք շուկա գնալ ու կարկուտն եկավ: Ջարդե է ամբողջ ապակիները ու տակի բույսը: Եթե ես վաճառեի ընդամենը երեք ամիս ծաղիկ՝ 2-3 միլիոն», - ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը պատմում է, որ կարկուտի նույն օրը գյուղապետարանի աշխատակիցները նկարել են, թե ով ինչքան վնաս է կրել, ու տվյալները փոխանցել են Արմավիրի մարզպետարան։

«Մարզպետարանն էլ պիտի ներկայացներ կառավարություն, որ որոշեն, թե որին ինչքան փոխհատուցում պիտի լին, որոշ ժամանակ անց ինձ փոխհատուցում է եկել տանիքի համար 50 հազար դրամ, ընդամենը, որովհետև ունեցել եմ շիֆեր վնասված: Իսկ ջերմեցի համար ոչ մի դրամ փոխհատուցում չի եղել», - ասաց Արմեն Սարգսյանը:

Պատմությունը նույնն է մյուս գյուղացիների դեպքում ևս։ Մանուշակ Կարապետյանն էլ է պնդում, փոխհատուցում ստացել են միայն վնասված տանիքների համար՝ մոտ 20 հազար դրամ։ Ընդ որում, կարկուտը Կարապետյանների միայն ջերմոցի բերքը չէ, որ վնասել է։ Վարձակալած հողում տնկած ծաղկակաղամբի բերքն ասում են այդպես էլ չտեսան։

«8 տոննա ծաղկակաղամբ կվերցնեինք, 100 դրամով եթե հաշվենք, բայց շատ թանկ էր ծաղկակաղամբը», - նշեց Մանուշակ Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրին, որ բնական աղետների դեպքում նախարարությունը փոխհատուցում չի տրամադրում, հարցով զբաղվում են Արտակարգ իրավիճակների ու նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները։

Այգեշատի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանի հավաստմամբ, անհանգստանալու կարիք չկա, մարզպետարանի տված փոխհատուցման խոստումն ուժի մեջ է։ Միաժամանակ հենց գյուղապետն է ասում, գյուղացու կրած վնասի անգամ հաշվարկ դեռ չի արվել։

«Չէ հաշվարկ չեն արել, չեն եկել, գիտենք որ պիտի գային անեն, դե կգան, կանեն էլի: Կառավարությունը, որևէ մեկը մեղավո՞ր է, որ կարկուտ եկավ», - ասաց գյուղապետը:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն «Ազատության» զանգերին այդպես էլ չպատասխանեց։ Փոխարենը գյուղապետ Հովսեփյանն է վստահ, հարցը կլուծվի։

«Ընտրությունների հետ չեմ ուզում կապեմ: Հնարավոր է՝ հա, իսկ եթե չէ, ընտրություններից հետո հաստատ էդ հարցը կլուծվի», - նշեց գյուղապետը:

Գյուղացիները մինչդեռ, ընտրության հետ հույսեր չեն կապում։ այգեշատցի Սամվել Զաքարյանն ասում է մինչև հիմա իրենց գյուղի պատգամավորին ոչ ճանաչել են, ոչ էլ հնարավորություն ունեցել որևէ հարցով դիմել նրան։

«Եթե իրենք գյուղացուն անտեսում են, էլ ինձ չի հետաքրքրում՝ ով կլինի պատգամավոր», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG