Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն օրինաչափ է որակում վարչապետի իրականացրած քարոզարշավը


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, որխիվ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, որխիվ

Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունն իրավաչափ է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել մամուլում և սոցցանցերում վերջին օրերին քննարկվող հարցի վերաբերյալ, թե արդյոք Կարեն Կարապետյանը իրավունք ունի առանց արձակուրդ գնալու՝ աշխատանքային ժամերին Հանրապետականի օգտին քարոզչություն իրականացնել:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարոզչություն անելու սահմանափակումը կապված է ոչ թե աշխատանքային ժամի այլ պաշտոնական լիազորությունների իրականացման հետ: Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և չի խախտում ընտրական օրենսգիրքը:

«Օրենսդրությունը շատ հստակ ամրագրել է ոչ թե ընդհանրապես սահմանափակում քարոզարշավին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու, այլ սահմանափակել է դրա իրականացման եղանակը: Լիազորությունները իրականացնելիս զուգահեռաբար չի կարելի իրականացնել քարոզչություն, սա է սահմանափակումը: Օրենսդրությունը չի նշել աշխատանքային ժամին, կամ աշխատանքային ժամից դուրս, որովհետեւ աշխատաժամանակը տարբեր անձանց մոտ տարբեր բնույթ է կրում, կա նորմավորված, կա չնորմավորված աշխատաժամանակ: Եթե իրականացվում են կոնկրետ պաշտոնով պայմանավորված լիազորություններ ապա միաժամանակ չի կարելի քարոզչություն իրականացնել, օրինակ, երբ վարչապետը գործադիրի նիստն է վարում, կառավարության նիստի ժամանակ չի կարող զուգահեռաբար իրականացվել քարոզչություն», - ասաց ԿԸՀ նախագահը:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը, սակայն, հակադարձում է՝ եթե ոչ նորմավորված գրաֆիկով է վարչապետը աշխատում, ապա պետք է օրենքով սահմանված լինի, որ ժամերին է նա գործադիրի ղեկավար:

«Ավելի խորամանկ սխեմա էլ կարող է լինել: Օրինակ, ամբողջ ճանապարհին՝ Երևանից մինչև Գորիս, նա կարող է վարչապետ լինել ավտոմեքենայի մեջ, հենց իջնում է ցած, ոտքը դնում է գետնին, ասում է ընտրեցեք Հանրապետականին, կարող է ասել, որ այդ հատվածը ես վարչապետ չէի, դարձել էի քարոզիչ․․․ Գնալ գալու ժամանակը, որ գումարում ես, ստացվում է նա 8 ժամ վարչապետ է, բայց ավտոմեքենայում՝ ճանապարհին է վարչապետ եղել․․․ Հասկանում եք, սրանք մանիպուլյատիվ մեկնաբանություններ են, խուլիգանություններ են, որոնք ուղղակի պրոդուկտն են պետության զավթված լինելու: Սա հանրային ռեսուրսի չարաշահում է», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG