Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն «ընտրողին բաց ճակատով է ներկայանում»


ՀՅԴ ներկայացուցիչները Աբովյանում, 11-ը մարտի, 2017 թ․
ՀՅԴ ներկայացուցիչները Աբովյանում, 11-ը մարտի, 2017 թ․

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ իրականացրին Աբովյան քաղաքում

ՀՅԴ ներկայացուցիչներին այսօր Աբովյանում դիմավորեցին կուսակցության պատանեկան միության անդամները և նրանց ուղեկցեցին երաժշտական դպրոց, որտեղ համակիրների հետ հանդիպում էր նախատեսված։ Հարցին, ինչո՞ւ են քաղաքական միջոցառումների մասնակցում, պատանիները պատասխանեցին, թե անկախ ու ազատ Հայաստան են ցանկանում ունենալ։

«Մենք որ անչափահաս ենք, ոչինչ չենք կարող անել, չենք կարող ընտրել, ուղղակի բուկլետներ ենք բաժանում, որպեսզի մարդիկ ծանոթանան ծրագրին ու եթե ցանկանան, եթե տեսնեն, որ դա կնպաստի, որ հայրենիքն ավելի զարգանա, նրանք կարող են քվեարկել Դաշնակցության օգտին»,- ասաց պատանիներից մեկը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով, իրենք ոչ թե խոստումներ են տալիս, այլ հստակ ծրագիր են ներկայացնում, որը ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի զարգացմանն է ուղղված։ «Տարածքային կառավարման նախարարը մեր ընկերն է, այդտեղ այդ բոլոր ծրագրերը փորձում է իրականացնել: Եվ արդեն մի քանի հարյուր ծրագիր կա համայնքներում, և՛ արտասահմանից, և՛ ներսից ներդրումային որոշ ծրագրեր, որոնք ուղղված են նաև Երևանից դուրս, որ համայնքները զարգանան»,- ասաց Մանոյանը:

«Ընտրողին բաց ճակատով ենք ներկայանում ու վստահության քվե պանաջում»,- արդեն համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մանոյանը։ Նա նախ խոսեց ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության մեջ եղած ժամանակ կուսակցության կատարած աշխատանքի մասին, գլխավոր ձեռքբերում համարելով համակարգային փոփոխությունները, ապա կոչ արեց քվեարկել այն ուժի օգտին, ով գաղափարախոսություն ու թիմ ունի։

«Խոսքը չի վերաբերում ընտրությունից ընտրություն ինչ-որ նախընտրական ծրագրեր պատրաստելու, ժողովրդին բաժանելու մասին: Նախընտրական ծրագրերում կան նույնիսկ շատ համահունչ հարցեր, մոտեցումներ: Բայց նայեք, որ այդ մնացածներից ովքեր են, որ այդ իրենց ծրագրերը կատարել են: Դրա համար պետք է թիմ: Թիմ, որ ոչ թե վերջին պահին ձևավորված ինչ-որ դաշինք է, ինչ-որ անձերի անունների շուրջ հավաքված դաշինք է: Մի մտածեք, որ մեկ ա՝ արդյունքները եզրակացված են, չկա էդպիսի բան»,- հայտարարեց Կիրո Մանոյանը:

Կրթության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն իր հերթին ողջունեց աբովյանցիներին, նշելով, թե ուրախ է «մշակութային ու ինքնավստահ» քաղաքում լինելու համար։ Նրա խոսքով, Հայաստանում ամենակարևոր խնդիրն այսօր անվտանգությունն է, սակայն, լիակատար անվտանգության համար նախ ներքին կայունություն է անհրաժեշտ։

«Մեր տարածաշրջանում մարտահրավերներն այնքան մեծ են, որ մենք իրավունք չունենք թույլ տալ մեզ՝ ունենալ ներքին անկայունություն: Բայց ներքին կայունությունը պետք է լինի ժողովրդի շահը հաշվի առնելով: Ոչ թե խոստումներ տալով, ոչ թե ինչ-որ կարգախոսներ անելով, այլ պետք է յուրաքանչյուր թվի հետևում տեսնել մարդուն»,- ասաց Մկրտչյանը:

Հանդիպման վերջում կուսակցության կողմից Կոտայքում ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուները ելույթ ունեցան։ Կոտայքում Դաշնակցությունը պատգամավորի 15 թեկնածու է առաջադրել։ ՀՅԴ ներկայացուցիչներին աբովյանցիները ոչ մի հարց չուղղեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG