Այսօր հերթական անգամ նիստը հետաձգվեց: Շիրխանյանից բացի, այս անգամ նիստին ներկա չէին նաև 20 մեղադրյալներից 5-ի փաստաբանները: Շիրխանյանի փաստաբանը շարունակում է պնդել՝ իր պաշտպանյալը ցանկանում է մասնակցել նիստին, բայց միայն սայլակով կամ պատգարակով: Մինչդեռ, ըստ ՔԿՀ-ի պաշտոնական պատասխանի, նա ի վիճակի է իր ոտքով դատարան գալ:
Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի գլխավորած հանցախմբին անդամակցելու, իշխանություն զավթելու, հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Նրա առողջական խնդիրների վերաբերյալ պաշտպանների պատրաստած դիմումն արդեն ՄԻԵԴ-ում է: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը, պատասխանելով Եվրադատարանի հարցմանը, ներկայացրել է պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակի վերաբերյալ թերի փաստաթղթեր:
«Կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր, փորձել է տպավորություն ստեղծել, որ դրանք բոլոր փաստաթղթերն են, այնինչ, դրանք կեսից քիչն են: Բարեբախտաբար, մենք ունենք ապացույց և մենք եվրոպական դատարանին դա ներկայացրել ենք»,- ասաց Ալումյանը:
Բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբն, արձագանքելով Շիրխանյանի փաստաբանի այն հայտարարությանը, թե Երևան ՔԿՀ-ում նրան տեղափոխել են ամենավատ ու չափազանց խոնավ խուցը՝ փորձել է տեղում համոզվել, թե ինչ խնդիրներ կան: Խումբն այնուհետև հայտարարություն է տարածել, որ ՔԿՀ-ի աշխատակցիներն իրենց թույլ չեն տվել տեսակցել Շիրխանյանին՝ պատճառաբանելով, թե տեսակցությունն արգելված է: Դիտորդներն առաջարկել են առանց Շիրխանյանի դիտարկել խուցը, բայց պատասխան են ստացել, թե Շիրխանյանն «ի վիճակի չէ դուրս գալ խցից»:
«ՔԿՀ-ի աշխատակիցները մտել են պարոն Շիրխանյանի և նրա խցակիցների մոտ, ասել են՝ մենք հյուրեր ունենք, պետք է խուցն ազատեք, որպեսզի մեր հյուրերը կարողանան խուցը նայել: Պարոն Շիրխանյանն էլ, ով մահճակալին գամված է, ասել է՝ ես ինչու՞ պետք է իմ տեղից վեր կենամ, որպեսզի ձեր հյուրերը գան խուցը նայեն, ես դուրս չեմ գալու:
ՔԿՀ-ի աշխատակիցներն էլ ուրախ-ուրախ դուրս են եկել ու դիտորդներին ասել, որ Շիրխանյանը հրաժարվում է խցից դուրս գալ: Սովորաբար նման դեպքերում ասում են՝ խաբել են»,- պատմեց փաստաբանը: Նա վստահ է՝ Շիրխանյանին միտումնավոր դատարան չեն բերում՝ «իրենք դա միտումնավոր են անում, որպեսզի եվրոպական դատարանին ցույց տան, որ ամեն ինչ շատ նորմալ է, պարոն Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված»:
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալներից մեկի՝ 66-ամյա Էդուարդ Ներսիսյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը դժգոհում է, որ նիստերի հետաձգման պատճառով չի կարողանում միջնորդություն ներկայացնել: Նա ասաց, թե շուրջ 1,5 տարի կալանքի տակ գտնվող իր ազատամարտիկ պաշտպանյալն ազատազրկումից 8 ամիս անց ուղեղի կաթված է ստացել: «Դատարանին միջնորդություն ենք ուզւոմ ներկայացնել, որ նշանակվի բժշկական փորձաքննություն և խափանման միջոցը փոխվի: Ձգձգում են, արհեստականորեն երկարացնում են դատաքննության ընթացքը: Եթե սենց շարունակվի, կունենանք նույն Շիրխանյանի պատմությունը»,- ասաց Պողոսյանը:
2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավի դիմաց ազատ արձակելը: