Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այսօր Կրեմլում ընդունելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոսկվայում գումարվելու է Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բարձր խորհրդի նիստը, որն անցյալ տարի չէր կայացել ռուսական օդանավի միջադեպից հետո երկու երկրների հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամի պատճառով:
«Ես հաստատում եմ՝ Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի կունենա», - ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջին անգամ երկու նախագահները հանդիպել են անցյալ տարվա հոկտեմբերին՝ Ստամբուլում, որտեղ քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի, Սիրիայի հարցում համագործակցելու և ռուսական Սու-24 մարտական օդանավի կործանումից հետո կապերը բարելավելու հարցերը:
Մինչ այդ, Էրդողանը 2016-ի օգոստոսին մեկնել էր Ռուսաստան։ Դա նրա առաջին այցն էր թուրքերի կողմից Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական օդանավը վայր գցելուց հետո:
Էրդողանը ռուսներից ներողություն էր խնդրել միջադեպի համար և հայտարարել, թե Թուրքիան երբեք չէր ցանկանա միտումնավոր ոչնչացնել ռուսական օդուժի ինքնաթիռը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում՝ ցուցահանդեսի բացման ընթացքում, սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: Էրդողանը ցավակցություն է հայտնել Մոսկվային, խստորեն դատապարտել է հանցագործությունը և պահանջել է հետաքննություն անցկացնել:
Դեսպանին սպանած Մևլութ Ալթինթաշին սպանել են դեպքի վայր ժամանած թուրք ոստիկանները:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման ընթացքում կստորագրվեն տնտեսության, էներգետիկայի, մշակույթի և ռազմական բնագավառներում համագործակցության մի շարք պայմանագրեր:
Բացի այդ, կողմերը կքննարկեն Ռուսաստան Թուրքիայի քաղաքացիների մուտքի սահմանափակումները թուլացնելու և թուրքական ապրանքի, մասնավորապես սննդամթերքի ներմուծման կարգը ազատականացնելու հարցերը:
Պեսկովի փոխանցմամբ, մոսկովյան հանդիպումը մեծ նշանակություն ունի: «Ռուս-թուրքական համագործակցության բարձր նիստը բացառիկ ձևաչափ է: Քիչ թվով երկրների հետ են բանակցությունները ենթադրում նաև կառավարության անդամների մասնակցություն», - ասել է Կրեմլի խոսնակը:
Փորձագետների համոզմամբ, Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Սիրիայի հարցերին:
Նախօրեին Պուտինը Մոսկվայում բանակցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: