«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը կոշտ է արձագանքում Պաշտպանության նախարար, Հանրապետականի ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե անգամ տեղամասերում բավարար վստահված անձ չունեցող ուժերն են փորձում մրցել ՀՀԿ-ի թիմի հետ:
«Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ: Այն ուժը, որը երկու հազար հոգի չի կարում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում: Չէ՞ որ դա ուղղակի զավեշտական է, դա ուղղակի անհնար է», - երեկ Արմավիրում հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Վիգեն Սարգսյանը խոսեց սպասվող կեղծիքների մասին․ - «Խոստովանական ցուցմունք է, կարելի է ասել․ որ քանի որ դուք չունեք վստահված անձ, մենք կեղծում ենք․․․ Այստեղ Ֆրոյդը իսկապես մեծ գործ է արել: Եթե ընդդիմությունը չկարողանար այդ վստահված անձինք ունենալ երբևիցե․․․ էդքան ծեծ ու ջարդեր, որ նկարահանվել են, ցույց են տրվել, այդ ամեն ինչը տեղի չէր ունենա երբևիցե»:
Բայց Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը, վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը, անգամ երկուական վստահված անձ կունենա տեղամասերում՝ մոտ չորս հազար, գումարած «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում․ - «Վիգեն Սարգսյանը թող չփորձի մեր հասարակության շեղել, թե իբր թե ընդդիմությունը ռեսուրս չունի պայքարելու համար»:
«Մենք կարողացանք այս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով», - երեկ արմավիրցիներին ասում էր Վիգեն Սարգսյանը՝ պնդելով, թե իրենք չունեն մրցակից՝ կրթությամբ, անցած ճանապարհով, գործարար աշխարհում և պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներներով:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանն այս խոսքերին ավելացնում է նաև Հանրապետականի նախընտրական տեսահոլովակները․ - «Ցանկացած անձ կարիք չունի նայել հեռուստացույց, թե ինչ են ասում, լսել ելույթները: Նա կարող է նայել շուրջը, նայել այն ավտոբուսներին, որոնք տանում են արտագաղթողների, նայում են այն թշվառ զանգվածին, մեկ միլիոն աղքատության մակարդակին, նայել այն հուսահատ մարդկանց, և դա կլինի իշխանության պատկերը այսօրվա: Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ով է այդ շերտերից ձայն տալու իշխանություններին»:
Ընդունելով որ ՀՀԿ-ի օրոք սխալներ, բացթողումներ եղել են՝ վարչապետ Կարեն Կարապետյանը Արմավիրի երեկվա հանրահավաքում բացատրում էր, թե ինչու դրանք չեն կրկնվի․ - «Մեր թիմը տարբերվում է բոլոր մնացած թմերից, որ մենք գիտենք այդ թալակները, և մեծ հավանականություն կա, որ հերթական անգամ այդ թալակները չենք ընկնի»:
«Իրենք սխալներ չեն արել», - ասաց Մարտիրոսյանը․ - «իրենք պետությունը ուղղակի բերել են, ոչնչացման եզրին են կանգնեցրել․ սոցիալ-տնտեսական վիճակը, աղքատությունը, անարդարությունը, քաղբանտարկյալների թիվը․․․ Վարչապետը թող ասի՝ քաղբանտարկյալներ կան, ազատում ենք, ու այլևս Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու: Բանանի մոնոպոլիա էլ չեն կարողանում ջարդել մինչև հիմա, ի՞նչ սխալի մասին է խոսքը»:
«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքում զարմացած չեն, որ ընդդիմադիրների նախընտրական հավաքները բազմահազարանոց չեն․ մարդիկ վախենում են հայտնվել տեսախցիկների առջև:
Փոխարենը երեկ լեփ-լեցուն էր Արմավիրի հրապարակը՝ հանրապետականների հետ հանդիպմանը:
«Բնականաբար, իրենք հույսը դրել են վարչական ապարատի վրա, որոնց միջոցով հավաքներ են անում: Ես չեմ կարծում, որ այդ հավաքների մասնակիցները իրենց համակիրներն են», - ասաց Ստեփան Մարգարյանը:
«Ադմինիստրատիվ ռեսուրսի ապօրինի օգտագործումը անընդհատ էլ եղել է․ ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատակիցներ․․ բերել, մասնակցել, ուռա՜, ծափեր, ողջույններ, փուչիկներ, հաջողություն․․․ գնացինք կեղծելու», - հավելեց Մարտիրոսյանը
Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած դաշինքը հայտարարում է, որ գնում է իշխանափոխության:
Վաղը դաշինքը նախընտրական հանդիպումներ կունենա Կոտայքի մարզում: