«Մալաթիան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ», - հայտարարեց Փաշինյանը:
Բուկլետների բաժանումն ու քաղաքացիների հետ շփումը մեկնարկեց Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութին հարող տարածքից:
«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք կարող եք Հայաստանը համակած հուսահատության պատնեշը ճեղքելու որոշում կայացնել», - հայտարարեց Փաշինյանը:
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող Հանրապետականից առաջադրվել է նաև ընտանեկան բիզնեսով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:
Նախորդ խորհրդարանական ընտրություններին այն ժամանակ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը առաջադրվել էր հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Հանրապետական Սամվել Ալեքսանյանին պարտվել 10 հազար ձայնի տարբերությամբ:
Այս անգամ «Ելք» դաշինքի երրորդ համարը հանդիսացող Փաշինյանը իրենց հնարավորությունները Մալաթիայում գնահատել չցանկացավ․ - «Մենք չենք եկել մեր հնարավորությունների համար, մենք եկել ենքընտրողին հնարավորություն տալու համար: Մենք համախմբվել ենք՝ նաև ականջալուր լինելով հանրության կոչերին, մեր հակասությունները հարթել ենք և դրել ենք ռազմավարական համագործակցության շատ լուրջ հիմքեր: Եվ հիմա ոչ թե շանսը մերն է, այլ ժողովրդինը: Ժողովուրդը թող որոշի՝ ինքը ուզո՞ւմ ա օգտվել էդ շանսից, թե՞ չէ»:
Քայլելթի ընթացքում քարոզչական թերթիկ ստացած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ «Ելքի» ներկայացուցիչները գումար չեն տալիս: Ի պատասխան Փաշինյանն առաջարկեց դիմել Հանրապետականի թեկնածուին․ - «Հո սա դախլ չի, որ փող ուզեք: Գնացեք Ալեքսանյանից ուզեք փողը»:
Ի տարբերություն նախորդ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, այս անգամ Փաշինյանի գլխավորած քայլերթը Մալաթիայում անցավ առանց միջադեպերի և լարվածության:
Հարցին, թե ինչն է փոխվել, պատգամավորը պատասխանեց․ - «Ըստ ամենայնի, նրանք մթնոլորտը լարելու ցանկություն չունեն: Բայց մենք բացառում ենք, որ մեր քարոզարշավը որևէ մեկը որևէ կերպ խոչընդոտի: Նախկինում էլ մենք ցույց ենք տվել, որ մենք մեր գործողությունները, մեր քաղաքական օրինական գործողությունները, անկախ ամեն ինչից, անելու ենք, և մեր առաջ որևէ խոչընդոտ չի կարող լինել: Ասում եք՝ դե Սամվել Ալեքսանյանը, Սուրիկ Խաչատրյանը ընդեղ, ստեղ Գագիկ Բեգլարյանը, էս քուչեն Ծըգըլենցն ա․․․ Մենք ասում ենք՝ ո'չ, սա մեր հայրենիքն ա: Չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ էս մեր քուչեն ա, էս ձեր քուչեն չի: Սա մեր հայրենիքն ա»:
Մալաթիայի շուկայում քարոզչություն իրականացնող Փաշինյանի կոչերին առևտրականները թերահավատորեն էին արձագանքում:
«Քառասուն տարի ա ելքի մասին խոսում են, քառասուն տարի ա էս երկրի մեջն եմ ու չեմ տենում: Ուզում ենք տենանք, ասեք ի՞նչ անենք, որ տենանք», - Փաշինյանին հարցրեց նրանցից մեկը: «Դուք ապրելու եք ձեր ընտրության հետ: Կատարեք ձեր ընտրությունը և ապրեք ձեր ընտրության հետ», - ի պատասխան խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանը:
«Համոզվել ենք այս տարիների ընթացքում, թե մեզ ինչ ա սպասվում», - ասաց մեկ ուրիշը, ինչին Փաշինյանն արձագանքեց․ - «Մենք էլ ենք համոզված ինչ ա սպասվում, դրա համար էդ վիճակից առաջարկում ենք ելք: Հիմա դուք կօգտվեք էդ ելքից, օգտվեք, չեք օգտվի՝ մենք գիտենք ձեզ ինչ ա սպասվում»:
Ընտրողներից մեկի կարծիքին, թե կրկին հաղթելու է Հանրապետականը, քանի որ «ինչքան զինվոր, միլիցա կա, սաղ իրանցն ա», Փաշինյանը հակադարձեց․ - «Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, բանակի բազմաթիվ ծառայողներ քվեարկելու են «Ելք» դաշինքի օգտին»: