Մատչելիության հղումներ

«Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն». Հունաստանի ԱԳ նախարար


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը:

«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել», - կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաև ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը:

Հունաստանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», - ասել է Նիկոս Կոցիասը:

Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ևս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ:

Վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:

Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ:

Նշենք, որ Նիկոս Կոցիասին այսօր ընդունել է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG