Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզված է, որ ընտրվելու դեպքում Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) առաջիկա հինգ տարիներին կկարողան զարգացնել Հայաստանը։
«Ազատություն». - Ընտրակաշառքն այսօր ամենալուրջ խնդիրն է։ Այսօր ում հարցնում ես, ում հետ խոսում ես, բոլորը բարձրաձայնում են, բայց դեռ ոչ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ Անգամ նույնիսկ նշում են, որ 100 դոլար են առաջարկում, անուններ են տալիս, օրինակ, Միհրան Պողոսյանի անուն են նշում Քանաքեռ-Զեյթունում։
Աճեմյան. - Գիտեք ինչ, կարելի է ասել, անուն տալ, բայց եթե այդ անունը տալիս են, իրենք պարտավոր են որոշակի միջոցների դիմել, սա իրավապահ մարմինների խնդիրն է։ Ես չեմ հավատում, որովհետև, ես չեմ տեսել մարդ, որն իրականում կասի, որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել։ Եթե առաջարկվում է, ուրեմն նա, համապատասխանաբար, պետք է դիմի որևէ մարմնի։ Մեր տարածքային թեկնածուները շատ ուժեղ են, երևի թե դրանից են գալիս այդ խոսակցությունները, բայց ես չեմ տեսել որևէ դեպք, համենայն դեպս, ինձ հայտնի չէ, որ մենք ռեսուրս ենք օգտագործում, կամ մենք քարոզարշավի ժամանակ ինչ-որ բան ենք խախտում։ Համոզված եմ, որ մենք կկարողանանք անցկացնել այդ քարոզարշավը պատշաճ, նաև ընտրություններն այնպես, որպեսզի հետո դժգոհություններ չլինեն։
«Ազատություն». - Վերջին տարիներին ժողովրդին կարծես թե այդքան էլ չի բավարարում ընտրությունների արդյունքները, համենայն դեպս դժգոհություններ մենք ինքներս շատ ենք լսում։
Աճեմյան. - Դժգոհողները պարզապես շատ բարձր են դրա մասին խոսում, աղաղակում են։ Այն մարդիկ, ովքեր Հանրապետականին ընտրում են, իսկ այդ էլեկտորատը շատ մեծ է, նրանք այդքան բարձրաձայն դրա մասին չեն խոսում, նրանք իրենց համակրանքի մասին քիչ են արտահայտում, բայց մենք շատ ենք շփվում մարդկանց հետ՝ տարբեր խավերի, շերտերի և ես ձեզ կարող եմ ասել, որ հավատացողները՝ այն մարդիկ, ովքեր սպասումներ ունեն նաև երկրի անվտանգության հետ կապված, նաև առաջընթացի, այս մարդիկ իհարկե ընտրելու են Հանրապետականին։
«Ազատություն». - Մեծամասնություն ունենալու դեպքում, խոստումներն իրականություն չդարձնելու դեպքում Հանրապետականում կա՞ քաղաքական կամք հրաժարվել իշխանությունից։
Աճեմյան. - Գիտեք, նայած, թե ով, ինչ խոստումն, ինչպես է հասկանում, և ինչ եք հասկանում իրագործելու...
«Ազատություն». - Այն, ինչ որ դուք այսօր ասում եք հանրությանը։
Աճեմյան. - Դուք էլ ինքներդ գիտեք, որ դա մեկ օրվա, տասը օրվա գործ չէ։ Առաջիկա հինգ տարվա համար, ես մտածում եմ, որ մենք այն բոլոր խնդիրները՝ մինիմում, որոնք մեր առջև դրված են, իսկ դա բարեկեցիկ կյանքն է, իսկ դա Հայաստանում փնտրելու մարդու երջանկությունը... այս բոլոր դրույթներն իրականանալու են։
«Ազատություն». - Բայց և այնպես չասացիք, եթե չկարողանաք ձեր խոստումները կատարել, ունե՞ք այնքան կամք, որ հրաժարվեք իշխանությունից։
Աճեմյան. - Գիտեք, այն ամենը, ինչ Սահմանադրության տիրույթում է և իրականանալի է, իհարկե հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե դա ընկալելի է... մեկը, երկուսը, տասը միևնույն է միշտ բողոքում են երկրից, իշխանություններից, բայց, եթե դա համընդհանուր է, բնական է, որ դա պետք է արվի։ Ես կարծում եմ, որ մենք այդ հանգրվանին չենք հասնի, հակառակը կկարողանանք առաջիկա հինգ տարիներին զարգացնել մեր երկիրը։