Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկարաձգեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վերաբերյալ Վրաստանի գերագույն դատարանի կայացրած դատավճռի կասեցումը:
Այդ դատավճռով մեծ ժողովրդականություն վայելող անկախ հեռուստաընկերությունը հանձնվել էր նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին:
Եվրադատարանը, հիշեցնենք, մարտի 3-ին ժամանակավորապես՝ մինչև մարտի 8-ը, կասեցրել էր Վրաստանի գերագույն դատարանի վճռի իրականացումը, որպեսզի «Ռուսթավի 2»-ի փաստաբանները հնարավորություն ստանան այն վիճարկել ՄԻԵԴ-ում: Մարտի 7-ին Եվրադատարանը միաձայն քվեարկել էր կասեցման որոշումը կրկին երկարաձգելու օգտին՝ այս անգամ անորոշ ժամանակով:
«Ռուսթավի 2»-ի շուրջ դատական վեճը շարունակվում է մեկուկես տարի։ Իշխանությունների հետ առնչություններ ունեցող Կիբար Խալվաշիի անսպասելի հայտնության առաջին իսկ րոպեներից ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները պնդում են, որ իշխանությունները, հեռուստաընկերության ղեկավարներին փոխելով, փորձում են փոխել խմբագրական քաղաքականությունը։
Վրաստանի թերևս ամենաազդեցիկ այս լրատվամիջոցը հայտնի է իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ: Հարուստ պատմություն ունեցող «Ռուսթավի 2»-ը համարվում է «Վարդերի հեղափոխության» դրոշակակիր, որը 2003-ին ակտիվորեն լուսաբանում էր Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած ցույցերը:
Վրաստանի ներկայիս իշխանությունների կարծիքով՝ «Ռուսթավի 2»-ը ծառայում է Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության շահերին: Ահա այդ մեղադրանքներին զուգահեռ էլ ծագեց վեճը, թե ում է պատկանում լրատվամիջոցը:
Ռուսթավի երկուսի շուրջ գործընթացները մտահոգված են ոչ միայն Վրաստանի ներսում, այլ նաև դրսում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են։ «Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունը վտանգված է», - հայտարարել է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը, քաղաքական ընդդիմությունն ու բազմաթիվ անկախ կազմակերպություններ հեռուստաընկերության նախկին սեփականատիրոջ հայցը և Գերագույն դատարանի որոշումը դիտարկում են որպես կառավարության հեղինակած բեմադրություն, որի նպատակը ընդդիմադիր հեռուստաալիքը գրավելն է։