Մատչելիության հղումներ

Հեղինե Բիշարյան․ «Ես Արթուր Բաղդասարյանի զինվորն եմ»


Երևան, 8-ը մարտի, 2017 թ․
Երևան, 8-ը մարտի, 2017 թ․

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներն այսօր հանդիպում ունեցան համակիր կանանց հետ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյան այսօր կուսակից ու համակիր կանանց հետ էր հանդիպում։ Նա խոստովանեց` կանայք իր վրա մեծ ազդեցություն ունեն։

«Տեսեք, ես նստած եմ երկու կնոջ կողքը, երկուսն էլ թելադրում են ինձ, տարբեր գաղափարներ․․․ես կանանց ազդեցության տակ եմ գտնվում միշտ՝ ընտանիքում, միջավայրում․․․իհարկե լավ իմաստով, կնոջ ազդեցությունը վատ իմաստով երբեք չի լինում:

Կինը քաղաքականության մեջ բերում է ներդաշնակություն, հանդուրժողականություն: Տեսեք, վաղվա խորհրդարանում 25-30 կին է լինելու, սա տղամարդկանց ստիպելու է իրենց ավելի հավասարակշիռ պահել, ավելի ներդաշնակ, քաղաքական բանավեճի մշակույթը բարձրացնել նոր սանդղակի: Ընդհանրապես՝ այնտեղ, որտեղ կան կանայք, այնտեղ կա երջանկություն, հաջողություն, ներդաշնակություն»,- իր ելույթում ասաց ՀՎԿ ղեկավարը:

Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորանքներ հղելուց հետո Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց այն 30 քայլերը, որոնք, ըստ կուսակցության առաջնորդի, կփոխեն Հայաստանը։ Նրա խոսքով, ներկայացվող հիմնադրույթներից շատերը հենց կանանց են վերաբերում։ Բաղդասարյանը վստահ է՝ փոփոխությունները հենց կանայք պետք է կյանքի կոչեն։ «Իսկ պայքարող կանայք ավելի հզոր են»,- հավելեց ՀՎԿ առաջնորդը:

ՀՎԿ ղեկավարը նշեց կանանց առնչվող մի քանի դրույթ, օրինակ՝ գյուղաբնակ կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելը, բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու մասին հատուկ օրենքի ընդունումը, աջակցությունը նորաստեղծ ընտանիքներին, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը։ Հայ մայրերի համար կարևոր է, որպեսզի 18 տարեկան երիտասարդները սահմանին չկանգնեն, ասաց Բաղդասարյանը:

«Ոչ ոք չի խոսում, որ վաղն առավոտվանից Հայաստանում ունենանք 50 հազարանոց արհեստավարժ բանակ: Բայց մենք խոսում ենք այսօր, որ ամեն տարի մենք պետք է պայմանագրային, վճարովի զինծառայողների թիվն ավելացնենք: Մեր բյուջեի հնարավորությունները հերիքում են»,- վստահեցրեց ՀՎԿ առաջնորդը: Վերջինիս պնդմամբ, իրենց 100.000 անդամներից ավելի քան 60 տոկոսը կանայք են։

Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին հայտարարեց, թե ինքն «Արթուր Բաղդասարյանի զինվորն է»։ Մյուս կանանց էլ նա խորհուրդ տվեց իր օրինակին հետևել ու այնպես անել, որ իրենց կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանի։

«Մեր բանակը մեծ է, մենք հզոր ենք և կանգնելու ենք բանիմաց, գրագետ, մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի կողքին, որովհետև սա մեզ հնարավորություն է՝ կայանալու, կերտելու, աշխատելու, փոխելու մեր կյանքը, մեր վաղվա օրը, մեր ընտանիքների սոցիալական վիճակը»,- իր ելույթում հայտարարեց Հեղինե Բիշարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG