Քարոզարշավի երրորդ օրը Վանաձորի կենտրոնական փողոցներում փակցված՝ «Ելք» դաշինքի պաստառները վնասվել և պատռվել են: Դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Քրիստ Մարուքյանն առավոտյան տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդներ դիտավորյալ վնասում պաստառները:
Ի դեպ, հիմնականում վնասվել են «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող՝ թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված Էդմոն Մարուքյանի նկարով պաստառները: Քրիստ Մարուքյանը չի բացառում, որ ոմանք պարզապես փորձել են այդպիսով «արջի ծառայություն մատուցել»:
«Երևի թե որոշ մարդիկ ջղաձգվել են Էդմոն Մարուքյանի առաջադրմամբ, նաև կարող է լինել այնպես, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձել է արջի ծառայություն մատուցել: Եթե առաջիկա օրերի ընթացքում նման գործելաոճը դադարի, կհասկանանք, որ դա մասնավոր նախաձեռնություն է եղել, որը չի ողջունվել, բայց եթե շարունակվեն նման դեպքերը, ուրեմն դա իրականացվում է հատուկ հրահանգով»,- ասաց Քրիստ Մարուքյանը:
«Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ դիմել են իրավապահներին: Կատարվածը արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Նա նաև նկատեց՝ նախկինում նմանատիպ դեպքերը հաշվի առնելով, իրենք արդեն որոշ կասկածներ ու ենթադրություններ ունեն, բայց կշարունակեն զբաղվել քարոզարշավով, իսկ գործը թող իրավապահները բացահայտեն:
«Նախկինում էլ եղել են նմանատիպ բաներ, ես իմ խոսքի մեջ արդեն նշել եմ, որ դա Հանրապետականի մերձակա շրջապատի գործելաոճի նման է, բայց նաև լսել ենք տարբեր տիպի հորդորներ տարբեր կողմերից, հետևաբար՝ թողնենք իրավապահներին, կբացահայտվի, կիմանանք, ովքեր են»:
Ինչպես դաշինքի մյուս ներկայացուցիչները, այնպես էլ Քրիստ Մարուքյանն ընդգծում է այն հանգամանքը, որ նման քայլով վնասել են այն քաղաքացիներին, ովքեր հանգանակության միջոցով աջակցել են դաշինքին: «Իրականում փչացնողները փչացրել են ոչ թե ինչ-որ մասնավոր մեկի գույքը, մենք հանրության ներդրումներով ենք անում այն բոլոր ծախսերը, որոնք կատարվում են նախընտրական և ընտրական փուլերում: Հետևաբար՝ դա վնաս է հասցնում հենց այն մարդկանց, ովքեր իրենց հանգանակած 10, 20, 5 հազար դրամներով փորձել են աջակցել մեր գործունեությանը»,- ասաց դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի պետը:
«Ելք»-ի նախընտրական պաստառների վնասումն իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է նաև Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մասնավորապես նշելով․ «Որևէ իրեն հարգող ուժ շահագրգռված չէ նման էժան մեթոդներով մտնել քաղաքական պայքարի մեջ»:
Այս դեպքին հաջորդել է նաև ԿԸՀ-ի արձագանքը, որում հիշեցվում է՝ քարոզչության իրականացման ժամանակահատվածում քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք»կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով: