Հետխորհրդային ամբողջ ծայրամասն անհանգիստ վիճակում է, և կոնկրետ մի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում, այս տարի հնարավոր են էական փոփոխություններ: Դա, ըստ Stratfor վերլուծական կենտրոնի նոր զեկույցի, կարող է լինել դիվանագիտական բանակցությունների կամ հայ-ադրբեջանական ռազմական սրման եղանակով, հնարավոր է նաև այդ երկու տարբերակների միաժամանակյա գործադրումը:
Բայց հիմնականում այդ հակամարտությունում փոփոխությունը պայմանավորված կլինի արտաքին դերակատարի՝ Ռուսաստանի գործոնով: Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում կլինի փոփոխական, քանի որ հիմքում Կովկասում ազդեցությունը պահպանելու մտադրությունն է։
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունները Ղարաբաղի հարցում առավել քան անլուծելի են: Կովկասում առանցքային ուժը Ռուսաստանն է, Ռուսաստանի ձեռքում է կարգավորման բանալին, սակայն, ինչպես նշում են Stratfor-ի վերլուծաբանները, այդ երկիրը ոչ այնքան ձգտում է հակամարտության լուծման, որքան փորձում է երաշխավորել իր գերակայությունը որպես տարածաշրջանային տերություն: Մոսկվան Կովկասում կառավարում է շիկացած կոնֆլիկտները:
2016 թվականի ապրիլյան բախումներից հետո Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների ընթացքում առաջխաղացում չկա, ուստի այս տարի մեծ կլինի հայ - ադրբեջանական բախումների վերսկսման հնարավորությունը: Առաջընթացի պակասն է՛լ ավելի է շիկացրել հայերի և ադրբեջանցիների վեճը, ասված է զեկույցում:
«2016-ին տեղի է ունեցել 1994-ին հրադադարի կնքումից ի վեր ամենաարյունալի սրումը: Չորս օրվա ընթացքում երկու կողմերը կորցրել են ավելի քան 100 զինծառայող: Բախումները դադարել են ռուսների միջամտությամբ: Ադրբեջանը կարողացել է հսկողության տակ վերցնել մոտ 800 հեկտար տարածք (թեպետ Բաքուն պնդում է, որ տարածքը հավասար է 2 հազար հեկտարի): Վախն առ այն, որ բախումները կվերաճեն լայնածավալ ևս մեկ պատերազմի, չիրականացավ, բայց ոչ լայնածավալ ընդհարումները շարունակվում են», - գրում են Stratfor-ի վերլուծաբանները:
Ըստ Stratfor-ի, Ադրբեջանի լայնածավալ ռազմական ներխուժումն իրատեսական չէ, սակայն Բաքուն առնվազն կփորձի քաղաքական և անվտանգության առումով խարխլել անջատական տարածքի ստատուս քվոն: 2016-ին կորուստներ պատճառելով Ղարաբաղի ուժերին և գրավելով որոշ տարածքներ՝ Բաքուն ցույց է տվել հպատակներին, որ փորձում է ինչ-որ բան անել այդ հարցում: Հայաստանն էլ, ընդհակառակը, ամեն կերպ ցանկանում է պահպանել ստատուս քվոն: Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները հստակ են, մինչդեռ երրորդ ուժի՝ Ռուսաստանի մոտեցումը շատ ավելի բարդ է: Ընդհանուր հաշվով, թե՛ Ղարաբաղում, թե՛ ամբողջ հետխորհրդային տարածքում Մոսկվան ունի մեկ նպատակ՝ կանխել օտար դերակատարների միջամտությունը և պահպանել իր ազդեցությունը: Հայաստանի պարագայում դա հաջողվել է։
Ռուսաստանը ռազմական խոշոր ներկայությունից զատ նաև հսկողության տակ է պահում Հայաստանի տնտեսական և ռազմավարական լծակների մեծ մասը: Ադրբեջանը, ըստ զեկույցի, ավելի անկախ քաղաքականություն է վարում, սերտ կապեր ունի Թուրքիայի հետ և էներգակիրների խոշոր արտահանող է:
Ռուսաստանը 2016-ին ոչ այնքան սատարել է դաշնակից Հայաստանին, որքան ավելի չեզոք դիրք է գրավել: Ըստ Stratfor-ի, անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանը վիճակը չէր սրի, եթե ռուսների կողմից չլիներ Բաքվի մտադրության առնվազն լռելյայն ըմբռնում:
Միջամտելով որպես խաղաղարար ուժ, Մոսկվան Երևանին նկատել է տվել, որ հայերը չպետք է ամբողջությամբ հույսը կապեն միայն Ռուսաստանի հետ, իսկ Բաքվին նկատել է տվել, որ Ադրբեջանը տարածաշրջանում ունի ազատ գործելու ավելի ընդարձակ հնարավորություն:
Ինչպե՞ս կզարգանա կացությունը. որոշ ազդակներ վկայում են, որ ռուսները կփորձեն առաջ տանել այսպես կոչված «Լավրովի ծրագիրը», որի համաձայն՝ հայերը պետք է զիջեն յոթ շրջաններից հինգը, և տարածաշրջանում տեղակայվեն խաղաղապահներ՝ կամ ռուսներ, կամ՝ ՀԱՊԿ-ից։
Բաքուն, անկասկած, կողջունի այդ տարբերակը, բայց հայկական կողմը, վստահաբար, կառարկի։ Այդ դեպքում ռուսները կարող են արտոնել հակամարտության նոր սրում, որի նպատակը կլինի հայերին զիջումներ պարտադրել, կամ էլ Մոսկվան կփորձի կիրառել բոլոր լծակները՝ հայերի մոտեցումը փոխելու համար։ Երկու տարբերակներն էլ ռիսկեր են պարունակում։ Նույնիսկ եթե ռուսները կարողանան Հայաստանի քաղաքական վերնախավին համոզել զիջման գնալ, հանրությունը կարող է չընդունել այդ գործարքը։ Դրա ապացույցն անցած տարվա ամռանը Երևանում տեղի ունեցած առճակատումն է: Ուստի, ցանկացած էական զիջում Հայաստանի կառավարության համար հղի է կործանումով՝ անկախ այն բանից, թե ով առաջ կտանի զիջումների գաղափարը:
Ռուսների համար առավել արդյունավետ կարող է թվալ նոր կոնֆլիկտ հրահրելը, բայց դա էլ վտանգավոր է, քանի որ այն կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այդ առումով Stratfor-ը հիշեցնում է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Իսկանդեր» տեսակի հրթիռը հարկ եղած դեպքում նաև հարձակողական զենք է»: Ակնհայտ է, որ ակնարկը միանշանակ հասցեագրված էր Ադրբեջանին:
Stratfor-ը չի բացառում երրորդ տարբերակը՝ Մոսկվան գուցե փորձում է համոզել Բաքվին, թե իբր աշխատում է Հայաստանին քաղաքական զիջումներ պարտադրելու ուղղությամբ: Այդ դեպքում «Լավրովի ծրագիրը» ռուսներին թույլ կտա ադրբեջանցիների հետ ավելի սերտ կապեր հաստատել՝ վնաս չհասցնելով Հայաստանի իշխանության դիրքերին: Սա էլ, ըստ Stratfor-ի, ռիսկային տարբերակ է, քանի որ Բաքվի համար ստատուս քվոյի հարատև պահպանումն ընդունելի չէ, ռուսները չեն կարող առանց կոնկրետ արդյունքների երկար ժամանակ կիրառել այդ մոտեցումը, առավել ևս, որ Կովկասում պատրաստ են ավելի ակտիվ գործել և Մոսկվայի ազդեցության տարածքին հավակնել տարածաշրջանի երկու տերություններ՝ Թուրքիան և Իրանը:
Stratfor-ի վերլուծաբանների համոզմամբ, Մոսկվան կփորձի ազդեցություն գործադրել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա: Դա է առանցքային գործոնը, որով պայմանավորված կլինի կոնֆլիկտի հետագա զարգացումը: Դա է լինելու քաղաքական և անվտանգության իրադարձությունների շարժիչ ուժը մի տարածաշրջանում, որն առաջիկա ամիսներին կարող է դառնալ է՛լ ավելի անկայուն: