Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016 թվականի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»: Զեկույցում որպես խնդիր առանձնացված է նաև «դատական համակարգի սահմանափակ անկախությունը»:
Զեկույցում անդրադարձ կա 2017-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը: Նշվում է, որ երկշաբաթյա դիմակայության ընթացքում պատանդ են վերցվել ոստիկաններ և բուժաշխատողներ, և, ինչպես ասվում է զեկույցում, «ըստ հնչող մեղադրանքների՝ խմբի անդամներն իրադարձությունների ժամանակ սպանեցին երեք ոստիկանի»:
«Դիմակայության ընթացքում Երևանում և երկրի այլ վայրերում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի», իրավապահների կողմից եղան անօրինական ձերբակալություններ, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և չափից ավելի ուժի կիրառման դրսևորումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը ցրեց «Սասնա ծռերի» քաղաքական պահանջները սատարող ցուցարարներին», - կարդում ենք զեկույցում: - «Թեպետ ոստիկանությունը հեռացրել կամ կարգապահական միջոցներ է կիրառել ավելի քան մեկ տասնյակ ոստիկանների հանդեպ, այս քայլերը պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ չէին համատարած չարաշահումների համար», - գնահատել է Պետդեպը:
Այլ խնդիրների թվում ներառվել են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված «կասկածելի մահվան դեպքերը», զորակոչիկների հանդեպ «նվաստացումները», «դաժան ու գերբնակեցված բանտային պայմանները»:
«Եղել են կամայական ձերբակալություններ ու նախնական կալանքի երկարատև կիրառում՝ կալանքի պատճառների վերաբերյալ թափանցիկության բացակայության պայմաններում, ցուցմունքների հավաստիության նկատմամբ անվստահություն, ազատ արձակման ոչ-հստակ չափորոշիչներ և կալանքի տակ գտնվողների իրավունքների ոչ-հավասար կիրառում, օրինակ՝ ընտանիքի անդամների տեսակցության մասով», - արձանագրել են զեկույցի հեղինակները:
Միևնույն ժամանակ, որպես դրական զարգացումներ մատնանշվում են ապրիլյան քառամյա պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունում իրականացված քայլերը՝ ռեսուրսների չարաշահման և սխալ տեղաբաշխման, ինչպես նաև այլ կոռուպցիոն երևույթների կապակցությամբ հակակոռուպցիոն քայլերի մասին հայտարարությունները, այդ թվում ՊՆ գնումների ոլորտում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը:
Դրական է համարվել նաև օնլայն լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերը որպես «տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուրի»: - «Աճել է նշանակալի քաղաքական իրադարձությունների ինտերնետային ուղիղ հեռարձակման կարևորությունը, հատկապես հրապարակային բողոքի ակցիաների ժամանակ», - ասված է զեկույցում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ թե՛ ավանդական և թե՛ օնլայն լրատվամիջոցների սեփականատերերը «թափանցիկ չեն», և կան արժանահավատ հաղորդումներ այն մասին, որ թե՛ օնլայն և թե՛ հեռարձակող լրատվամիջոցները «կենտրոնացված են մի քանի՝ իշխանությունների հետ կապեր ունեցող անձանց ձեռքերում»:
Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ։