Մատչելիության հղումներ

«Ամենաթարմ քաղաքական նորությունը այն է, որ ելք կա». Նիկոլ Փաշինյան


«Հայաստանի ամենաթարմ քաղաքական նորությունն այն է, որ ելք կա», - քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հայտարարեց «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով խորհրդարանական ընտրություններին գնացող «Ելք» դաշինքը քարոզարշավը սկսեց կեսգիշերից անմիջապես հետո, երբ սոցիալական ցանցում տարբեր քաղաքական գործիչներ՝ մեկը մյուս հետևից ուղիղ հեռարձակումներով պատմում էին անելիքիների մասին, ապա արդեն առավոտյան Լոռու մարզի մի քանի քաղաքներում ավտոերթեր իրականցրեցին, կեսօրին՝ «շերեփներով երթ» Երևանի Արաբկիր համայնքում։ Արդեն երեկոյան «Ելք» դաշինքը պաշտոնական միջոցառմամբ ներկայացրեց նախընտրական ծրագիրը «Մարիոթ» հյուրանոցի ընդարձակ սրահներից մեկում։

«Շատ է քննարկվում այն հարցը, թե ո՞վ է մեր մրցակիցը։ Մեզ, ասուլիսների ընթացքում, շարունակ այդ հարցն են տալիս, նկատի ունենալով որևէ քաղաքական ուժի կամ գործչի, ես այսօր այստեղ բարձր ու հստակ հայտարարում եմ՝ մեր մրցակիցը և հակառակորդը այն հուսահատությունն է, որ համակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք եկել ենք հաղթելու հուսահատությանը», - իր ելույթում նշեց Փաշինյանը։

«Եթե չլիներ «Ելք» դաշինքը, ես այսօր չէի իմանա, թե ում տամ իմ մեկ ձայնը։ Ես այսօր գիտեմ, և վստահ եմ՝ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ գիտեն, թե ում պետք է տան իրենց ձայնը», - ասաց «Ելք»-ի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այսօր որևէ մեկը չգիտի, թե «Ելք» դաշինքը ընտրության արդյունքում որերորդ տեղն է զբաղեցնելու, քանի որ որևէ մեկը չգիտի, թե իրենք ինչպիսի քարոզարշավ են անելու, որի արդյունքում դաշինքի վարկանիշը խիստ բարձրանալու է։ «Մենք մեր նպատակը դրել ենք՝ գրավել առաջին տեղը», - ասաց Արամ Սարգսյանը։

Երեք կուսակցությունների դաշինք հանդիսացող «Ելքը» երեկոյան հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Հաղթելու դեպքում դաշինքը խոստանում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները՝ հատուկ աշխատավարձով։ Սխալ համարելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ «Ելք»-ը խոստանում է սկսել բանակցություններ՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, «Ելք» դաշինքը կարևոր է համարում Հայաստանը դարձնել ռազմաարդյունաբերական երկիր՝ այդ ուղղությամբ կատարելով մանրամասն շարադրված քայլեր։

Քաղաքական գործիչները խոստանում են նաև պայքարել կոռուպցիայի դեմ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմին արգելել անդամակցել որևէ կուսակցության, կրկնապատկել առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները հաջորդ հինգ տարիների ընթացքում և այլն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG