Ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը՝ ավելի քան 2 միլիոն 564 հազար մարդ։
2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի համեմատ ընտրողների թիվն աճել է 14 հազարով։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի խոսքով՝ բազմաթիվ գործոններ են դեր խաղացել:
«Անձը մահանում է՝ մահվան կապակցությամբ հանվում է հաշվառումից, զինվորները զորակոչվում են բանակ՝ հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառման հասցեից: Զինվորը զորացրվում, վերադառնում է բնակության վայր՝ նորից վերահաշվառվում է բնակության վայրի հասցեով: Անձը քաղաքացիություն է ստանում՝ հաշվառվում է ըստ բնակության վայրի, անձի քաղաքացիությունը դադարեցվում է՝ նրա անձնագիրը անվավեր է ճանաչվում», - պարզաբանեց Բիչախչյանը: - «Բազմաթիվ գործոններ կան, որոնց թվային վերլուծության արդյունքում տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն», - հավելեց նա:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մոտ մեկ տարում ընտրողների թվի ավելացումը 14 հազարով կարող է ուռճացված լինել։ - «Դժվարանում եմ կոնկրետ պատասխան տալ այս հարցին, քանի որ դրա համար պետք է դիտարկել ինչքան անչափահաս մարդ է ավելացել Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակահատվածում, և նոր նման գնահատական տալ», - նշեց նա:
Տվյալները ստացանք Ազգային վիճակագրական ծառայությունից. 2016-ին մահացածների և 18 տարին բոլորածների տարբերությունը մոտ 10 հազար է, հետևաբար ընտրողների թվի ավելացումը գոնե 10 հազարով տեղավորվում է նաև վիճծառայության տվյալների տրամաբանությունում։ Փոխարենը՝ էական տարբերություն կա մեկ այլ հարցում. ոստիկանության կազմած ցուցակներում ընտրողների թիվը ավելի քան 250 հազարով ավելի է, քան Հայաստանի մշտական բնակչության թիվը՝ ըստ պետական վիճվարչության։
Բիչախչյանի խոսքով՝ այստեղ խնդիրներ չարժե փնտրել․ - «Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Երբ վիճակագրական վերլուծություններ, համեմատություններ կատարելով կամ վիճակագրական տվյալները ընտրողների ռեգիստրի հենքում դնելը ուղղակիորեն հակասում է Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Բազմիցս այդ մեղադրանքները հնչեցվում են, ես միշտ պարզաբանում եմ՝ Վիճակագրական ծառայությունը այլ մարմին է, ոստիկանության պետական ռեգիստրը՝ այլ ցուցակ»:
Ոստիկանության պաշտոնյայի մեկնաբանությամբ, ընտրողների ցուցակներում Հայաստանում գրանցում ունեցող բոլոր քաղաքացիներն են՝ անկախ այն բանից, երկրից բացակայում են 5, 10, թե 15 տարի։
Այնուամենայնիվ, արտագաղթի նկատելի ցուցանիշներ ունեցող Հայաստանից հեռացողների շրջանում չեն կարող չլինել գրանցումից դուրս եկող և քաղաքացիությունից հրաժարվող անձինք։
Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի ընտրողների թիվը 2003-ի նախագահական ընտրություններից ի վեր ոչ թե նվազել, այլ շարունակ աճել է, 2008-2013-ի ընտրությունների միջակայքում գրանցելով ամենամեծ թռիչքը՝ ընտրողներն ավելացել են 180 հազարով։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նկատում է. - «Ալտերնատիվ հետազոտություններ, որպեսզի պարզվի համապատասխանելիությունը, այսօր Հայաստանում չեն իրականացվում»:
Ոստիկանությունը բացատրություն ունի, թե ինչու՝ չնայած պետական վիճակագրության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համաձայն Հայաստանում մարդկանց թիվը շարունակ նվազել է, ընտրողների թիվը՝ ընդհակառակը, աճել է։
2008 թվականից հետո փոխել են պետական ռեգիստրում քաղաքացիների հաշվառման մեթոդաբանությունը, ինչը հանգեցրել է ընտրողների թվի աճի, այժմ բոլոր անձնագիր ստացողների համար պարտադիր է որևէ հասցեում գրանցվելը։