Մատչելիության հղումներ

Գորիսի համայնքի ղեկավարի աշխատավարձը 5 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բարձրացվում


Գորիսի ավագանին վերջին 5 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ կողմ է քվեարկել համայնքի ղեկավարի աշխատավարձի բարձրացմանը:

Դեռևս հոկտեմբերի 17-ին կայացած նիստի ընթացքում Գորիսի ղեկավարի աշխատավարձը բարձրացել էր՝ 227,000 դրամից հասցվելով 290,000-ի: Հերթական նիստի ընթացքում այն բարձրացվել է ևս 25 տոկոսով՝ կազմելով 365,000:

Գորիսի քաղաքապետարանի Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետը համայնքի ղեկավարի աշխատավարձի հերթական բարձրացումը մեկնաբանում է «օրենքի պահանջով»:

«20,001 բնակչից մինչև 75,001 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար աշխատավարձի դրույքաչափը որոշվում է Ազգային ժողովի պատգամավորի 71.0 տոկոսի չափով»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է օրենքի պահանջին, ապա բազմաթիվ անգամներ, ինչպես ավագնու անդամների, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստների կողմից բաձրաձայնվել է Համայնքի Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների դրույքաչափերի հարցը, դեռևս 2015թ.-ին տեղի ունեցած տեսչական ստուգումների արդյունքում կազմվել է արձանագրություն, որում նշվում է, որ քաղաքի բոլոր ՆՈՒՀ-երի հաստիքացուցակներն ու դրույքաչափերը չեն համապատասխանում օրինակելի հաստիքացուցակին: Թե ինչու այս դեպքում օրենքը չի գործում՝ հարցին ի պատասխան Գորիսի համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը ընդգծում է, որ այդ խնդրի լուծման համար առավել զգալի միջոցներ են պետք, համայնքի բյուջեն այդ հնարավորությունը առայժմ չունի:

«Մենք շատ մեծ ցանկություն ունենք ՆՈՒՀ-երի աշխատավարձերը բարձրացնելու, ոչ միայն ՆՈՒՀ-երի, այլև համայնքային ենթակայության բոլոր կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը, սակայն սեփական եկամուտները ինչքան էլ փորձենք ավելացնել՝ մենք աշխատավարձի ֆոնդի վրա ընդամենը շատ աննշան տոկոսային բարձրացում կարող ենք ապահովել», - նշեց նա:

Ոչ միայն համայնքի ղեկավարի, այլ նաև վարչական ղեկավարների աշխատավարձն է բարձրացել, որոշ դեպքերում մինչև 100,000 դրամի չափով: Թեև համանքների միավորման նպատակներից մեկն էր կառավարման օպտիմալացումն ու ֆինանսական միջոցների տնտեսումը: Վաչագան Ադունցի խոսքերով՝ աշխատավարձը բարձրացնում են, որպեսզի ղեկավարները դրա հաշվին կարողանան հոգալ վարչական ծախսերը:

«Մեր վարչական ղեկավարները, աշխատակազմի բոլոր աշխատողները խոշորացման արդյունքում կատարում են մի քանի անգամ ավելի շատ աշխատանք, քան կատարել են նախկինում իրենց նույն աշխատատեղում», - հավելեց նա:

Գորիսի ավագանու որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմում նաև 24 նոր հաստիք է ավելացել, բաձրացել են աշխատակիցների աշխատավարձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG